Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/230

Այս էջը հաստատված է

վրա՝ գործը քննելու համար։ Բայց տեղային կառավարությունը փոխանակ քննելու, աշխատում է Սայիդին արդարացնել և հայերին զրպարտիչ ցույց տալ։ Այս մտքով նա մի վկայական (մազբաթա) է պատրաստել տալիս, և մինչև անգամ տեղային առաջնորդական փոխանորդին բռնությամբ ստիպում է, որ նույն վկայականը ստորագրե, որը Սայիդի արդարության համար էր վկայում։ Այս բռնության դեմ բողոքում է պատրիարքարանը. արդյունքը հայտնի չէ։

13. Ագշեհիր քաղաքի հայոց տուրքերը պատկանածից ավելի նշանակելով, ժողովուրդը ծանրաբեռնում են անտանելի վճարներով։ Այդ մասին պատրիարքարանը թագրիր է գրում և անպատասխան է մնում։

14. Կարսի հարստահարիչ քրդերի և Մադենի քուրդ բեգերի հայերին հասուցած վնասների մասին պատրիարքարանը թագրիր է գրում և անպատասխան է մնում։

15. Վանա ոստիկանության հազարապետ Տիլավեր աղայի և նրա ազգականների անիրավությանը դեմ թագրիր է գրվում, մնում է առանց պատասխանի։

16. Զինվորական տուրքի անկանոն բաշխման վրա և հայերից առավելությամբ առնելու մասին թագրիր է գրվում, արդյունքը հայտնի չէ։

17. Սեբաստիո կուսակալության ներքո Սարմուսակլը գյուղի հայերն հարստահարվում են մահմեդականներից. վերջինների անգթությունը մինչ այն աստիճան է հասնում, որ մի հայ կին բռնությամբ սարը տանելով, և իրանց գազանական կիրքը հագեցնելուց հետո, սպանում են և դիակը գետն են գցում։ Այդ մասին թագրիր է գրվում, Բ. Դռնից հրաման է գնում, բայց արդյունքն հայտնի չէ։

18. Ուրֆայի քաղաքական ատյանում, դատարանի Նայիբ-էֆենդին ներկայացնող քրիստոնյա վկաները մերժում են, հակառակ դատավարության օրինաց։ Թագրիր գրված է, բայց արդյունքը հայտնի չէ։

Հողային կամ կալվածական խնդիրներ

19. Տիգրանակերտի Սաթը գյուղի հայոց բոլոր արտերը մի մահմեդական կին անիրավությամբ սեփականելով, հայ գյուղացիներին պարտավորեցնում է իրանց մշակության բերքերից բաժին հանել իրան որպես կալվածատիրոջ։ Այդ մասին մի քանի անգամ