Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/233

Այս էջը հաստատված է

նա իր կողմից Աղա-բեկ և Բարսեղյան Մկրտիչ անունով անձինքը քննիչ է ուղարկում։ Քննիչները ստուգելով քրդերի անիրավությունը, հայերի իրավունքը հաստատում են հիշյալ հողերի վերաբերությամբ: Բայց հետևյալ տարին Ռեշիդ-էֆենդի անունով մեկը թափուի օրինաց գործադրությանը համար Շատախու գավառն ուղարկված լինելով, հայերին պատկանող նույն հողերը գաղտնի կերպով քուրդ բեգերի անունով թափու է անում[1]: Այս խարդախության համար գյուղացիներից մինչև 200 հոգի դիմում են Վան քաղաքը և բողոքում են տեղային կառավարությանը, և պատրիարքարանը յուր կողմից առանձին թագրիրով հայտնում է Բարձ. Դռանը, բայց պատասխան չէ ստանում։

26. Չնքուշի վանքի արտերը կառավարությունը իբրև մահլուլ[2] ճանաչելով, ծախել է տալիս։ Այդ մասին թագրիր է գրվում, արդյունքը հայտնի չէ։

27. Արզրումի մեջ թահրիր էմլաք (կալվածական արձանագրություն) կատարվելու միջոցին, երբ կարգը ազգային դպրոցների և եկեղեցիների կալվածներին է հասնում, տերության պաշտոնյան չէ ուզում սրանց իբրև ազգային կալվածք արձանագրել, ասելով, թե այսպես անելու հրահանգ չունի, այլ յուր պարտավորությունն է յուրաքանչյուր կալվածքի կենդանի տերը գտնել, և նրա սեփականության իրավունքը ստուգելեն հետո, նրա անունով արձանագրել։ Իսկ երբ մի կալվածք անձնավորյալ տեր չունի, պետք է իբրև մահլուլ նկատել[3]։ Այդ մասին պատրիարքարանից թագրիր գրված է. Բ. Դուռը հեռագրել է, որ հիշյալ կալվածները ազգի անունով արձանագրվին, բայց արդյունքը հայտնի չէ։

  1. 1 Տաճկաց կառավարությունը անմշակ հողերը մի որոշյայ գնով ժողովրդի վրա ծախում է կամ ավելի ճիշտ կլինի ասել կապալով է տայիս, և յուր կողմից կալվածագիր է տալիս, դա ասվում է թափու անել: Բայց թափու լինում են այն հողերը միայն, որոնք տեր չունեն և անմշակ են մնացած։
  2. 2 Տաճկաց կառավարությունը վանքային կամ եկեղեցական կալվածք չէ ճանաչում, որովհետև կալվածատեր կարող են լինել միայն անձնավորություն ունեցող անհատներ, իսկ վանքը և եկեղեցին նրա կարծիքով իրավաբանական անձնավորություն չէ, ուրեմն և կալվածատեր լինել կարող չէ... Այս պատճառով վանքային կալվածները համարվում են որպես մահլուլ, այսինքն` որոշ տեր չունեցող: Այսպիսի կալվածների տերն ինքն պետությունն է լինում։
  3. 3 Այստեղ դարձյալ նույն խնդիրն է, ինչ որ էր վանքային կալվածների վերաբերությամբ։ Մեզ շատ հայտնի չեն Թուրքիայի կալվածական օրենքները (եթե ունի նա օրենքներ), բայց չենք կարողանում հասկանալ, թե ինչու մահմեդականի մզկիթը և մադրասան կարող են կալվածք (վագըֆ) ունենալ, բայց հայոց եկեղեցին, վանքը և դպրոցն չեն կարող ունենալ։