Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/234

Այս էջը հաստատված է

28. Տրապիզոնի ս. Փրկիչ վանքի արտերի մեկ մասը Ալի էֆենդի անունով մեկը կամենում է սեփականել: Թագրիր գրված է այդ մասին. պատասխան առնված չէ: 29. Մադեն քաղաքի Ջերմուկ գյուղի հայոց թաղի մեջ եկեղեցին շինելու արգելք են լինում մահմեդականներն, պատճառելով, թե հայոց թաղի մոտ մզկիթ կա: Թագրիր գրված է, հրամանագիր ուղարկված է, արդյունքն հայտնի չէ:

Ոճրագործություններ

30. Հալեպի հեռագրատան պաշտոնյա Ասատուր անուն հայազգին հեռագրատան մեջ սպանվում է: Կառավարությունն հեռագրատան տեսչից պահանջում է ոճրագործին: Եվ նա Ահմատ անունով հեռագրատան ստոր ծառաներից մեկին ցույց տալով, հայտնում է, թե նա է սպանողը: Բայց մյուս կողմից տեղական կառավարությունը ձևացյալ մարդասպանին առանց քննության «խենթ» է ասելով, հիվանդանոցն է ուղարկում... Թագրիր գրված է, հրամանագիր ուղարկված է, արդյունքն հայտնի չէ: 31. Վանա Նարեկա վանքի ջրաղացը քուրդերն կողոպտելով, ջաղացպանին սպանում են: Թագրիր գրված է, Բարձ. Դուռն պատասխան չէ տված: 32. Մուլեզիմ (հիսնապետ) Հասանը Աղթամարա վանքը մտնելով, միաբաններից Հակոբ վարդապետին սպանում է: Մի քանի քուրդերն էլ Մինդան գյուղի Տեր-Հովհաննես քահանային են սպանում: Եվ Աբդուլ-Ֆաթթահ եղեռնագործը նույն կողմերում բոլոր հայերը կոտորելու սպառնալիք է անում: Թագրիր գրված է. Բ. Դռնից հրամանագիր է ուղարկված և հեռագիր է զարկված, արդյունքն հայտնի չէ: 33. Մարաշի մեջ Մենզերյան Հարությունին և Չամչիկյան Ղազարոսին տեղային մահմեդականներն սպանում են: Նաև Զեյթունի կայմաղամ Դավուդ աղան Հարություն անունով հայ ոստիկանին սպանել է տալիս: Թագրիր գրված է, Բ. Դռնից հեռագիր զարկված է, բայց արդյունքն հայտնի չէ: 34. Մալաթիո Մուսթաֆա բեկի դեպի հայերն ունեցած մոլեռանդական վարմունքի դեմ և մահմեդական սրիկաների` շան վզից խաչ կախելով քաղաքի փողոցներում և շուկաներում ման ածելու համար` թագրիր գրված է, Բ. Դռնից պատասխան առնված չէ: