Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/236

Այս էջը հաստատված է

հոր մոտից փախչում է և ապաստանում է հայոց վանքում: Մահմեդականներն պնդելով, թե աղջիկն հոր մոտ պետք է մնա, հարձակվում են վանքի վրա, և աղջկան բռնությամբ դուրս են քաշում: Պատրիարքարանը անդադար թագրիրներ է գրում, որ աղջիկը քրիստոնյա մնացած մորը հանձնվի, քանի որ նա հոր կրոնքը ընդունելու միտք չունի: Բարձ. Դուռը հրաման է գրում, որ Աղջիկը նախ թուրքացած հորը հանձնվի և ապա քննություն լինի: Պատրիարքարանը իր թագրիրները կրկնում է: Վերջապես, երեք տարուց հետո աղջկան քրիստոնյա մորն են հանձնում քննելու համար, երբ ամեն բանով փոխված էր… 37-րդ խնդիրը Քղիի և Երզնկայի գավառների երևելի չարագործ Շահ-Հուսեյնին է վերաբերում, որի մասին արդեն խոսեցինք: Այս չարագործի հարցը «Տեղեկագրքի» մեջ շատ տեղ է բռնում: 38-րդ խնդիրը վերաբերում է զինվորական տուրքին, որի մասին փոքր ի շատե տեղեկություն տվեցինք մեր ծանոթության մեջ: 39-րդ խնդիրը վերաբերում է հողային հարցերի, որոնց մասին առանձին պետք է խոսենք, որովհետև այս ամենագլխավոր հարցը, որպես նկատվում է «Տեղեկագրքից», շատ փոքր գրավել է պատրիարքարանի ուշադրությունը...

* * *

Որպես տեսանք, թե առաջին և թե երկրորդ «Տեղեկագրքի» մեջ պարունակված խնդիրները, եթե իրանց տեսակին համեմատ դասավորելու լինենք, կստանանք հետևյալ թվանշանները.

— Ամբողջ 58 խնդիրներից 36 վերաբերում են զանազան տեսակ հարստահարությունների, և 12 հողային և կալվածական խնդիրների, 5 ոճրագործության կամ քրեական հանցանքների, իսկ 4 կրոնափոխության, կամ կանանց բռնաբարությունների: Հիշյալ թվանշաններից դուրս է մնում 263 հայոց գյուղերի և 21 վանքերի հողերի քրդերից և թուրքերից հափշտակելու խնդիրը, որոնց մասին «Տեղեկագրքի» մեջ միայն մեկ ընդհանուր բողոքագիր է երևում, պատրիարքարանի կողմից Բարձ. Դռան մատուցած: Հողային հարցը, որ հայերի կենսական հարցն է, շատ ուշադրության չէ առնվել, կարծես այդ խնդիրը չէ հետաքրքրել պատրիարքարանին:

Ինչևիցե, խոսենք 58 խնդիրների մասին: Պատրիարքարանը դրանց համար ամբողջ 25 տարվա ընթացքում անդադար թագրիրներ է մատուցել Բարձ. Դռան: Բայց ի՞նչ արդյունք են ունեցել