Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/24

Այս էջը հաստատված է

Արդեն — 61 թվականի 5-րդ ամիսն է. բայց «Հյուսիսափայլի» տետրակները տակավին հասած չեն ինձ. կասկածում եմ, չիցե թե օրագիրը դադարած լինի: Եթե այս տարի նույնպես բաժանորդ եմ գրված, կարող եք գրել պարոն Նազարյանցին, որ ինձ հասանելի ամսատետրակները Թաբրիզ ուղարկե աղա Գալուստ Շերմազանյանի տետրակների հետ. կամ թե իմ անվամբ ուղարկե Թաբրիզու նամակատունը. այն տեղից գերաստիճան Հովսեփ խանը, նամակատան մեծավորը, անկորուստ ինձ կհասուցանե:

Դուք պահանջում եք ինձանից Ատրպատականի միսիոնարներու մասին Ձեզ տեղեկություն տալ, որով կկատարեմ Ձեր խնդիրը: — Այժմ ես Ուրմիա քաղաքումն եմ. այստեղ է ամերիկյան պրոտեստանտ առաքյալներու և հռովմեական լազարիստյան միաբաններու բոլոր կարողությանց կենտրոնը: Հիշյալ քարոզիչները, Ուրմիա լճակի արևմտյան ափերում, գտան մի կորած, վերջին ռամկության մեջ ընկած ազգ, որք վարվում էին մի խավար աստվածապաշտպանությամբ, որ առավել նսեմացած էր. Նեստորի վարդապետությամբ. — դոքա էին ասորիքը. — մի հին հոյակապ ազգի մնացորդք: Հաջող միջոցները, այլև երկրի պատեհ հանգամանքը շուտով ձեռնտու եղան նորեկ առաքյալներուն առավել հեշտությամբ և առավել սրընթաց առաջ տանելու յուրյանց գործը: — Դոքա էին. — ա. բարեխնամ տերության ազատ թույլտվությունը. բ. ասորաց նյութական անկարողությունը և յուրյանց իշխաններից ունեցած անտանելի բռնությունը — մյուս կողմից եվրոպացի առաքյալներու (մանավանդ ինգլիզներու) դրամացի և տերության կողմից պաշտպանությունը. գ. ասորոց, իբրև մի երեսե ընկած ազգի ստրկական փոփոխամտությունը, և նոցի խորին տգիտությունը յուրյանց առանձին դավանության. դ. ազգի ընկնիլը վերջին հուսահատության մեջ հալածանքի երեսից, և Եվրոպայի մարդիկը տերությունից մեծ պատիվ ունենալով և նոցա հետևողքը ամենայն մասամբ պաշտպանված լինելով և այլն, և այլն:

Հռովմեական քահանաները, թեպետև առաջք ոտք կոխեցին Պարսկաստանի հողի վերա (իբրև 35 տարի առաջ), բայց հառաջադիմությամբ կարի հետ մնացին պրոտեստանտներեն: Նոքա հազիվ թե կարողացան Ուրմիո քաղաքի և գյուղորեից մեջ ձեռք բերել 200 տուն (գերդաստան) անունով կաթոլիկ պապադավաններ. և Սալմաստ նահանգում` մինչև 300 տուն: Թեպետ կարող էին ավելի առաջադեմ գտնվել քան պրոտեստանտները. պատճառ. կաթոլիկական քարոզությունքը առավել հարմարություն