Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/243

Այս էջը հաստատված է

Նրանցում հարստահարությունների թիվը հարյուրապատիկ ավելի է, քան սպանությունները։ Ի՞նչ է պատճառը։

Մենք ուրիշ պատճառ չենք գտնում, բայց միայն այն, որ հայը Տաճկաստանում ամենևին ընդդիմադրության զորություն չէ ցույց տալիս, նա բոլորովին կրավորական դեր է խաղում. նա թույլ է տալիս քուրդին, տաճկին հափշտակել յուր կինը, յուր աղջիկը, յուր մանկահասակ որդին, միայն յուր անձին չդիպչել... նա թույլ է տալիս հափշտակել յուր ձեռքի վաստակը, խլել յուր պապերից մնացած մի կտոր հողը, միայն յուր կյանքին խնայել... Այսպիսի ստոր և ցած վարմունքի մեջ բնականաբար շատ փոքր թվով կպատահեին սպանություններ, որովհետև հայն յուր ընտանիքը, յուր կայքը, յուր պատիվը և ամեն ինչ որ սուրբ է յուր համար` զոհում է միայն յուր կյանքը պահպանելու համար։ Բայց նա կյանքը զոհելու և իրավունքը պահպանելու քաջություն չունի...

Բայց սպանությունները մահմեդականների մեջ ավելի մեծ թվով են պատահում, որովհետև մահմեդականը այնպես չէ վարվում որպես հայը. նա գիտե չարին չարով պատասխանել...

Գուցե ոմանք կնկատեն, թե ի՞նչ կարող է անել ողորմելի հայը, երբ թուրքը և քուրդը սուր ունեն, բայց հայը չունի, նա ի՞նչով կարող է ընդդիմանալ յուր զինվորված թշնամուն։ Նա պետք է խոնարհվի բռնության դեմ և թույլ տա, որ կողոպտեն իրան, որպեսզի իր անձը կենդանի պահե։ — Այս բոլորը միամիտ մարդիկների կարծիքն է, որոնք նայում են առաչյոք անարդար երևույթների, որպես վերին տեսչությունից սահմանված օրենքների վրա։ Բայց մենք այս բանին չենք հավատում, որ աստված տաճկի և քուրդի ձեռքում սուր տված լիներ հային կողոպտելու համար, և ոչ էլ մտածում ենք, թե դա ժողովրդի մեղքի համար է, որ աստված պատժում է նրանց…

Հայի ստրկության և նրա այժմյան թուլասրտության պատճառներն այնքան բաղադրյալ են, որ պետք է մեր ամբողջ պատմությունը քրքրել այս հարցը բացատրելու համար։ Բայց դա դուրս է մեր հոդվածի նպատակից։ Այսքանը միայն կասենք. եթե մի հայ, որ յուր գրպանում ունի մի քանի ոսկի, փոխանակ այն գումարը տալու և մթերք գնելու, որ կրկինը շահե, եթե նրա մի մասը տա և մի զենք գնե յուր մթերքը և յուր գլուխը պահպանելու համար, իմ կարծիքով, ոչ ոք նրան չի արգելի։ Եվ եթե նա այդ չէ անում, այլ հրեայի նման միշտ շահասիրության ետևից է ընկած, ո՞վ է մեղավոր, որ նրան կողոպտում են։