Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/250

Այս էջը հաստատված է

ձայնը լսողը։ — Խղճալիի ձայնը միշտ մնում է յուր կուրծքի մեջ խեղդված...

Պատրիարքարանի արձանագրություններից երևում է, որ գավառներից եկած բողոքներն առհասարակ վերաբերում են այն տեղերին, որոնք ավելի մոտ են դրված մեծ քաղաքներին, որպիսի են Վանը, Մուշը, Բաղեշը, Տիգրանակերտը, Արզրումը և այլն։ Այդ այն պատճառով չէ, որ մեծ քաղաքների մոտ ավելի շատ են պատահում հարստահարություններ, այլ ընդհակառակն, հարստահարություններն որքան մոտենում են մեծ քաղաքներին, այնքան նվազում են։ Բայց մեծ քաղաքներում հայոց առաջնորդներ կան, նահանգապետ փաշաներ կան, և ժողովուրդն առաջնորդարանի միջնորդությամբ կամ ուղղակի կարողանում է յուր բողոքները հասցնել Կ. Պոլիս։ Բայց անկյուններում, այսինքն` կենտրոնական քաղաքներից հեռու գտնված տեղերում ավելի շատ և ավելի անգութ կերպով են կատարվում հարստահարությունները, բայց բոլորը կորչում են անհայտության մեջ։ Որովհետև այն կողմերի թշվառ ժողովուրդը մինչև անգամ չգիտե, թե Կ. Պոլսում պատրիարքարան կա, սահմանադրություն կա և ինքն կարող է այնտեղ դիմել։

Կ. Պոլսի պատրիարքարանն յուր թույլ սահմանադրական վարչությամբ մինչև այսօր չէ կարողացել յուր պաշտոնեությունը այնքան տարածել, որ կարողանա Ասիական Տաճկաստանի բոլոր հայ ժողովրդաբնակության վրա ազդել։ Եվ այս պատճառով ժողովրդի և ազգային վարչության կենտրոնի մեջ փոխադարձ հարաբերության կապեր չեն կազմվել։ Ես անձամբ առիթ եմ ունեցել լսել թշվառ հայի գանգատներն յուր դրության վրա, երբ նրան ասում ես, թե ինչու չես բողոքում, սովորական պատասխանը լինում է` «Ո՞ւմը բողոքեմ...»։ Թշվառականը չգիտե մինչև անգամ, թե հանցավորների համար դատարաններ կան. նա ճանաչում է մի դատարան միայն, այն է` երկինքը…

Եվ ի՞նչ հարկ կա բողոքելու, քանի որ ժողովուրդը փորձված է և գիտե, որ յուր գանգատներով ավելի վատթարացնում է յուր վիճակը։ Որովհետև բողոքներն թե՛ պատրիարքարանի և թե՛ Բարձ. Դռան կողմից որևիցե բավականություն չգտնելով, այսպիսով ավելի վստահություն տված են լինում հարստահարողին հարատևել յուր չարագործությունների մեջ։ Այսպիսով ավելի գրգռվում է բռնակալի վրեժխնդրությունը, և եթե նա առաջ փոքր ի շատե երկյուղ ուներ դատաստանից, այնուհետև բոլորովին միամտանում է, և ավելի վստահությամբ սկսում է տանջել յուր զոհերը։ Այս դրության մեջ