Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/251

Այս էջը հաստատված է

հային մի ելք է մնում — այն է՝ խոնարհվիլ յուր թշնամու անգթությունների առջև և բոլորովին անձնատուր լինել նրա կամքին...

Ահա այստեղից է առաջ գալիս այն դրությունը, որ նկատվում է պատրիարքարանի արձանագրություններից. ամբողջ հայոց գյուղորայք և մինչև անգամ վանքերը ու եկեղեցիները քուրդ դերեբեյիներին, թուրք բռնակալներին և ազդեցություն ունեցող մուֆթիներին ու շեյխերին հարկատու են դառնում։ Դա մի ակամա հարկատվություն է, որ ժողովուրդը ճարահատյալ վճարում է յուր հարստահարողին, որպեսզի իրան հանգիստ թողնե։ Այսպիսով ժողովրդի վրա ծանրանում է երկու տեսակ հարկատվություն, մինը` տաճկաց կառավարությանը, մյուսը` քուրդ կամ թուրք դերեբեյիներին և ինքնիշխան բռնակալներին։ — Այս վիճակին ենթարկվում է ոչ միայն մի ամբողջ հասարակություն, այլև մասնավոր անձինք (մանավանդ երբ փոքր ի շատե ունևոր են), մտնում են այս և այն ազդեցություն ունեցող թուրքի և քուրդի հովանավորության ներքո, որպեսզի ուրիշները նրանց չվնասեն։ Բայց այս պաշտպանությունը շատ թանկ է նստում. պաշտպանյալը թե՛ յուր կայքով և թե՛ յուր պատվով դառնում է յուր աղայի գերին։ Դա մի կամավոր ստրկություն է, որով անզորը հպատակում է հզորին և դառնում է նրա կամքին բոլորովին կրավորական առարկա... Դա ճորտության սկիզբն է, որի տխուր օրինակները տեսնվում են նաև պատրիարքարանի արձանագրությանց մեջ։ Մոգաց կողմերում Տինիս ավանի քրդերն տեղային հայ գյուղացիներին որպես ճորտ և գերի իրանց մեջ վաճառում են…

* *

*

Տաճկաստանի բարձր կառավարությունը նկատելով, որ քրդերի և ուրիշ վայրենի ցեղերի բարբարոսություններն առաջ են գալիս նրանց թափառական կյանքի բնավորությունից, վերջին ժամանակներում սկսեց աշխատել, որ նրանք թողնեն չվական կյանքը, թողնեն խաշնարածությունը և հաստատ բնակություններ ունենան և սկսեն պարապվել հողագործությամբ։ Կառավարությունն այս դրության մեջ մտածում էր զսպել քրդերին և ուրիշ վայրենի ցեղերին։ Նպատակը վատ չէր, բայց նա սխալվեցավ գործադրության մեջ։ Որովհետև փոխանակ քրդերին Հայաստանի լեռներից հավաքելու և նրանց Տաճկաստանի մի անբնակ կողմում (որպես են Միջագետքի և Ասորեստանի անապատները) գաղթեցնելու, կառավարությունը