Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/257

Այս էջը հաստատված է

ժողովրդի իրական պետքերը... Պողոս վարդապետի գործը, Սսի և Աղթամարա կաթողիկոսների խնդիրները, Կ. Պոլսի ազգային սահմանադրությունը յուր գոյության ամբողջ ընթացքում ծամծմեց, գզգզեց, և համարյա յուր ժամանակի ամենամեծ մասն այսպիսի աննպատակ վիճմունքների մեջ անցկացրեց, — բայց մի անգամ էլ չմտածեց, թե Կ. Պոլսի թուլամբարներում պառկող 45 հազար վանեցի, մշեցի և այլ գավառական համալները ինչո՞ւ համար են թողել իրանց հայրենիքը։

Թեև մեզ հայտնի էին պոլսեցոց թեթևամտությունները, թեև մենք գիտենք, որ նրանք երևակայությամբ են ապրում և ամենևին իրական կետի վրա կանգնած չեն, այնուամենայնիվ Կ. Պոլսի պատրիարքարանի և նրա սահմանադրական վարչության մասին մինչ այս աստիճան աննպաստավոր կարծիք չունեինք։ Բայց պատրիարքարանի «Տեղեկագիրքը» երևան հանեց նրա բոլոր ոչնչությունը։ Եթե Տաճկաստանի այժմյան հանգամանքներն առիթ չտային, գուցե մենք երբեք չպիտի տեսնեինք այս «Տեղեկագիրքը» գուցե պատրիարքարանը մինչև հավիտյան պիտի ծածկեր յուր խայտառակությունը, միշտ ինքն իրան խաբելով և միշտ ազգին ցույց տալով, թե մեծ գործ է շինում...

Շատ ժամանակ չէ, որ հրատարակվեցավ այն մեծ խաբեությունը` պատրիարքարանի երևելի շրջաբերականը, որի մեջ մոտ 4 միլիոն ժողովրդի ներկայացուցիչը հայտնում էր, թե նա գոհ է «բարեխնամ կառավարությունից»։ Եվ այդ գոհությունը հայտնում էր 25 տարվա ընթացքում հազարավոր անիրավությանց դեմ միշտ բողոքող և ոչինչ բավականություն չստացող ժողովրդի հոգևոր գլուխը։ Զարմանալի՛ աչքակապություն...

Արդեն ընթերցողը տեսավ, որ պատրիարքարանի կողմից գավառական հարստահարությանց մասին Բարձ. Դռան մատուցած խնդիրները (թագրիրները), համարյա ոչ մեկն յուր նշանակությանը չէ հասել, կամ մնացել է առանց պատասխանի, կամ թողնվել է առանց հետևանքի, կամ եթե Դռնից հրամանագիր է ստացվել, այն էլ գավառների պաշտոնակալները գործի չեն դրել. այսպես բոլորն անցել են ապարդյուն... Այստեղից հասկացվում է, թե ինչ նշանակություն ունի հայոց պատրիարքարանը Բարձ. Դռան առջև և ո՛ր չափով Դուռը հոգս է տանում ոչ-մահմեդական ազգերի ապահովության մասին։

Այս այսպես լինելուց հետո մենք պատրիարքարանին հրաշքներ գործել տալու իրավունք չունենք։ Բայց մեզ զարմացնում էր