Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/264

Այս էջը հաստատված է

չունենք։ Փառք աստուծո, որ չունենք։ Մենք ունինք վաճառական դաս... Մենք ունինք արհեստավոր դաս, որ այսօրվա օրս Էլ կոշիկը այնպես է կարում, ինչպես մի ժամանակ հագնում էր Արամը կամ Արմենակը։ Մենք ունինք երկրագործ դաս, որ մաշվում է յուր նահապետական ծանր աշխատության մեջ և նորա վաստակը խլում են կալվածատերը, մանրավաճառը և այլն։ Բայց ինչ որ վերաբերում է ազգային ոգուն, սրա գործիչ զորություններին մենք չունենք այն հին կամ նոր սերունդ կոչված բաները։ Մեզանում թե՛ հինը և թե՛ նորը եգիպտական միակերպ մումիաներ են ներկայացնում, այն զանազանությամբ միայն, որ նոր սերունդը բավականին խարդախված, օտարացված և անպիտանացված է, մինչդեռ հինն ապրում է նախկին բնավորությամբ։

Մենք բավականին խաբեցինք մեզ ու մեզ, երեխայի նման ամեն մի ազգային չնչին հայտնություններով ուրախացանք, ոգևորվեցանք այն բոլոր բաներով, ինչ որ հային էր պատկանում, ատեցինք այն ամենը, ինչ որ օտարինն էր, սիրելի էր մեզ ամեն գործ, ուր հայն էր գործում, թող լիներ նա անօգտավետ, փույթ չէ։ Մեր որդիների անունը Տիգրան, մեր աղջիկների անունը Աշխեն դրեցինք, մեր գրասեղանների առջև «Ոգի Հայաստանի» պատկերը կախեցինք։ Բայց ի՞նչ եղավ այդ մոլի ազգասիրական շնորհքների արդյունքը, մի դառն անձնախաբեություն։ Երբ քննեցինք մեզ ու մեզ, տեսանք, որ մի ողորմելի դատարկություն է տիրում մեր կյանքին։

«Օրհնած, ասում էր մեզ, մի քանի տարի առաջ ավելի վատ էր...»։ Հայը միշտ այսպես է մխիթարում յուրյան. նա գոհ է, որ կես քայլ առաջ է գնացել, բայց երևակայել անգամ չէ կարող, թե քանի հազարավոր մղոններով ետ է մնացել զարգացած ազգերից։

Դարձյալ ազգի անշարժության վերա թուխս նստած պատվելիներն, այդ հնդկական վամպիրները, ուզում են ավելի ևս ծանրացնել նորա շունչը, յուրյանց մաշկաթևիկներով զով սփռելով նորա երեսին, որպեսզի կարողանան ավելի հանգիստ կերպով ծծել յուրյանց զոհերի արյունը... Լույսը միշտ ատելի է նորանց, որովհետև չղջիկները սիրում են թափառել խավարի մեջ...։

Ահա, սիրելի ընթերցող, մեր այժմյան հասարակական կյանքի տխուր պատկերը, բայց մենք ունինք մի բան, որ մոռացա քեզ ասել, մի բանի դեռևս անհայտ երիտասարդներ, որոնց հալածում են ազգուրաց, դավաճան, հերետիկոս և այլն անուններով. — դոքա են մեր ուժերը։