Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/267

Այս էջը հաստատված է

կանոնավոր ձև ստացավ հայոց գեղեցկուհիներր բռնությամբ դեպի հարեմ քաշ տալով։ — Կրկնում ենք. 850 տարի է, որ թուրքերը կատաղի գազանի նման ուտում, մաշում և սպառում են հայոց ազգի մարմինը, և նա համբերում է...։

Ասում են, պատմական հալածանքները թողնում են պատմական ոխակալություն։ Մի ազգ չէ մոռանում մի ուրիշ ազգի բարբարոսությունները, որ գործել է իր նախնիքների դեմ։ Հույնը, պարսիկը ատում են հայերին, որովհետև հայերը ունեցել են նրանց պապերի հետ փոքրիկ հաշիվներ։ Բայց հայը ոչ ոքին չէ ատում, չնայելով, որ նա բոլոր իր շրջապատող ազգերից հալածանքներ է կրել, հարվածներ է ստացել։ Եվ հայի այս ներողամտությունը առաջ է գալիս ոչ թե նրա քրիստոնեական եղբայրասիրութենից, այլ նրա հոգեկան անզգայութենից...

Դիակները ատելություն չունեն. դիակները լուռ համբերություն ունեն...

Այո՛, 850 տարի է, որ հայը մոնգոլական կրակի մեջ այրվում է և մի ձայն, և մի բողոք չէ բարձրացնում։ Դա հայի մեռելության նշանն է, որ նա պատվի, ինքնասիրության և ազատության զգացում չունի։ — Ասում ենք մեռելության, և ոչ ստրկության, որովհետև դրանով չափազանց պատված կլինենք նրան, որովհետև ստրուկը գոնյա իր սրտում թաքցրած ունի մի խուլ ատելություն դեպի իր բռնակալը, և հարմար միջոցում դուրս է ժայթքում։ Բայց հայը այդ էլ չունի։

Հայը ունի այն երազական ցնորքը, որ մենք հույս կոչեցինք, որով ապրում են, որով մխիթարվում են ծույլ և դանդաղկոտ ժողովուրդները, թե մի օր գերբնական կերպով ազատված կլինեն...

* *

*

Ահա՛ զարկեց ժամը և Տաճկաստանի հարստահարված քրիստոնյաների վիճակը պիտի որոշվիԱհա՛ զարկեց ժամը և Տաճկաստանի հարստահարված քրիստոնյաների վիճակը պիտի որոշվի: Քաղաքագետները դրան կոչում են արևելյան հարցի լուծում։ Այս բազմադարյան խճճված հանգույցը պետք է լուծվի սրով։ Հարստահարված ազգերը սուր բարձրացրին և մի հզոր պետություն նրանց պաշտպան հանդիսացավ, կոտորածը սկսվեցավ, և տակավին շարունակվում է...։

Բայց ի՞նչ արավ հայը։

Ոչինչ։ Նա իր տեղում հանգիստ նստեց և խոտի նման կռվողների ոտքի տակ տրորվեցավ, և նրանց պատերազմական փոշու մեջ