խեղդվեցավ։ Հայի գլխին կատարվեցավ այն առածը, թե «ձին ու ջորին կռվեցան, էշը մեջտեղում սատկեցավ»։
— Ի՞նչ կարող էր անել հայը, — հարցրեց բարեկամներիցս մեկը, երբ մի օր այս առարկայի վրա խոսում էինք։
— Կարող էր ինքն էլ զենք բարձրացնել, — պատասխանեցի ես։
— Նա այդ բանի մեջ շնորհք չունի։
— Ուրեմն ոչինչ պահանջելու իրավունք ևս չունի։
— Ի՞նչու։
— Որովհետև ազատություն տրվում է այն ազգերին, որոնք իրանց ազատությունը սրով պաշտպանել գիտեն։ Առանց արյունի ազատություն չկա, որպես առանց զոհերի փրկություն։
— Բայց դուք մոռանում եք ընդհանուր մարդասիրությունը, — ասաց բարեկամս։
— Դա մի ուռկան է, որով որսում են մեզ նման հիմարներին կրկին ստրկացնելու համար։
— Բայց դուք մոռանում եք, որ մեր օգուտը մեր լռության և մեր հանգստության մեջն է...։
— Այդ ես հասկանում եմ, հայը միշտ սովոր է այսպես մտածել. «Թո՛ղ ուրիշները փրթեն, ես կխրփշտեմ»։ — Այժմս էլ երևակայում է նա օգուտ քաղել ուրիշի թափած արյունից։
— Բայց ես հույս ունեմ, հաստատ հույս ունեմ, — կրկնեց բարեկամս, — որ այս պատերազմով արևելյան հարցը կլուծվի, և հայն էլ կստանա իր մասն ու բաժինը։
— Դարձյա՛լ հույս... Ռամկորեն ասում են, «հույսը ցանեցին ու տեղումը ոչինչ բուսավ»։
Մեզանից շատերը այդ հույսը ունեն։ Բայց թե ի՞նչ հիմքի վրա է կայացած նա, հայտնի չէ։ Միայն մենք ուրախանում ենք, երբ եվրոպական որևիցե լրագիր հայերի մասին ծուռ ու սխալ կերպով մի բան է հայտնել։ Մխիթարվում ենք, որ եվրոպացին արժան է համարել արհամարհված հայի մասին խոսել։ Մենք մխիթարվում ենք, երբ Եվրոպայի որևիցե քաղաքում, մի ժողովի մեջ հայկական հարց է բարձրացել։ Տեսեք, ասում են, մեզ վրա ուշադրություն են դարձնում, մեր բանը պրծած է... Թուրքիայի հայը այսուհետև ազատ է... Մենք ուրախանում ենք, որ սուլթանը հայոց պատրիարքի հետ ողորմածությամբ է խոսացել, — նրան բարձր պատվանշանի է արժանացրել. — այդ բարձրագույն գութը ազգին է վերաբերում,