Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/27

Այս էջը հաստատված է

համար կրթում են նորանց ասորաց նոր բանախոսությամբ: Քաղաքի մեջ է մի այլ գլխավոր ճեմարան աղջիկներու համար, ուր ուսուցանում են ամերիկացի կանայք: Նորա մեջ ընդունվում են այնպիսի աղջիկներ, որք նույնպես նախապատրաստված էին գյուղերում մասնավոր աղջկանց վարժարանների մեջ: Աշակերտուհիքը, ուսումն ավարտելուց հետո, պսակվում են Սըրռի աշակերտների հետ, այնուհետև կամ պաշտոն են ստանում գյուղերու մեջ վարժապետության և կամ քարոզչության:

Սըրռ քաղաքի մեջ, աղջկանց ճեմարանի մոտ միսիոնարների տանումը, է և մի փառավոր տպարան ամենայն հարկավոր պարագայոք, նորանում տպվել են մինչև այսօր սուրբ գրքի քանի-քանի տեսակներ և այլ զանազան գրյանց ասորոց աշխարհաբար լեզվով: Նորանում ամիսը մի անգամ տպվում է և մի օրագիր ասորերեն. «Զարիրըդ բարայ» (լուսավորության արշալույս) անունով:

Տարակույս չկա, որ ամերիկացիք մի փոքր ժամանակից հետո ձեռք կբերեն բոլոր Ուրմիո նահանգի ասորիքը. պատճառ, վերացել են նոցա հին կրոնքի պաշտպանողքը։ Նոցա հին րաբիները, բոլորեքյան այժմ պրոտեստանտներից ռոճիկ են ստանում։ Թեպետ ազգի մի քանի հարուստներ գլուխը կտրած օձի մարմնի նման շարժվում են. բայց նոքա ևս շուտով կդադարին։

Այժմ սկսել են պրոտեստանտները քարոզել գավառի, Նավաչայի, Դիեարի, Տխուբի սարերում նուլոներին, որք նույնպես ասորիք են լեռնաբնակ։ Տարակույս չկա, որ շուտով կանցնեն և Ճուլամերիկ մինչև Մոսուելի բերանը։

Այժմ կա այստեղ ինն ամերիկացի միսիոնարներու տուն, որոց մինը է ձրի բժիշկ և քարոզիչ, մինը` տպագրապետ, մյուսները վարժապետ և քարոզիչ։ Բացի դոցանցից 2 տուն վարժապետուհիք, որք դաստիարակում են աղջիկները։

Ավելորդ չեմ համարում մի քանի խոսք գրել ասորոց այժմյան կաթողիկոսի վերա։ — Ասորաց այժմյան կաթողիկոսը է Մար Շիմոնը (Տեր-Սիմոնը). դա նստում է այժմ Կոճանիս գյուղում, Տիար-Տխուբ նահանգի մեջ, որից կազմվում է Նըհել գետի հովիտը։ Մար Շիմոնը 10 տարի առաջ, քանի օսմանցիք չէին տիրապետել այն կողմերին (քուրդերի անկախության ժամանակ) յուր քաջ ճուլո ցեղի օգնությամբ, բացի յուր կաթողիկոսական աթոռը հաստատուն պահելուց, պաշտպանում էր և յուր ազգի անկախությունը, որով էր հոգևոր և մարմնավոր առաջնորդ յուր ցեղի համար։