Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/271

Այս էջը հաստատված է

ապագան — ընդհանուր հայոց հայրապետը իրան անտարբեր է պահում դեպի այն, նա, որին միայն է պատկանում ազգի իրավունքների պաշտպանության ձայնը։

Հայոց կաթողիկոսի հայրապետական աթոռը մի ապահով երկրում է դրած, թուրքը նրան երկյուղ չէ կարող սպառնալ. բայց ինչո՞ւ է լուռ։

* *

*

Այսպես չէ, որ մենք ենք մտածում։ Մեզանում կան մի տեսակ կարճատեսներ — դժբախտաբար նրանց թիվը փոքր չէ, որոնք երևակայում են, թե հայի ապագան Տաճկաստանումն է, թե հայի գոյությունը կապված է թուրքաց կառավարության գոյության հետ։ Նրանք մտածում են, թե այժմյան բարբարոսությունները, հարստահարությունները մի օր կվերջանան, երբ թուրքը կքաղաքակրթվի, այն ժամանակ, ասում են, հայը քաղաքացու հավասար իրավունք և ազատ կյանք կվայելե։

Այդ ցնորք է։

Թուրքը այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ, և այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա։ Նա այսօր բռնությամբ հայի տղան, աղջիկը և կինը հափշտակում է և մահմեդական է շինում, բայց էգուց այնպիսի հրապուրիչ ձևեր կմտցնե, որ հայերը իրանց կամքով կդիմեն դեպի մահմեդականի մզկիթը։ Նա այսօր ավազակի պես է կողոպտում, բայց էգուց այնպիսի օրենքներ կդնե, որ հայը ամենևին չի էլ զգա, որ իր աշխատության վաստակը մեծ մասամբ մտնում է արքունի գանձարանը։

Եվ ուրիշ կերպ լինել կարելի չէ, քանի որ տիրող ազգը աշխատելու շնորհք չունի, և միայն զենքով իշխելու քաջություն ունի։ Այսպիսի ազգը պահպանում է իր զորությունը հպատակ ազգերի ձեռքի աշխատանքով։ Թուրքը մի զինվորական ազգ է։ Երկրի վաճառականությունը, երկրագործությունը, արհեստը, մշակությունը, բոլորը հպատակ և ոչ-մահմեդական ազգերի ձեռքումն է. — հայտնի բան է, որ դրանք պետք է աշխատեն թուրքի համար։ Թե միշտ այսպես է եղել զինվորական ուժերի վրա հիմնված ազգերի և պետությունների հարաբերությունը իրանց աշխատասեր, բայց անզեն հպատակների հետ, — դա պատմության մեջ մի ապացուցված բան է։