Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/280

Այս էջը հաստատված է

— Երևի, դուք կարդում ե՞ք, — իսկույն հարցնում է նա։

— Այո՛, և շատ սիրով։

— Այդ ձեզանից չէ՛ի սպասում…

— Ինչո՞ւ։

— Եղբա՛յր պատվական, էլ ի՞նչ մնաց, որ չխայտառակեց նա. — ընտանիք, կրոն, եկեղեցի։ — Նա ուրացավ մեր ազգի բոլոր ազնիվ կողմերը. էլ մուր չմնաց, որ չքսեց նրա վրա։ Նա մեզ խայտառակեց, իսպառ խայտառակեց...։

— Ինչո՞ւ չխայտառակել, երբ խայտառակելու բաներ կան։

— Մի՞թե կարելի է այդ։ Ասենք թե լինեին մեր մեջ թերություններ, մի՞թե կարելի է ամեն ինչ հրապարակ հանել։

— Այսպես վարվում են միայն այն հիմար հիվանդները, որ թաքցնելով իրանց ցավերը, աշխատում են առողջ ձևանալ։ Մեր թերությունները ծածկելով ի՞նչ շինեցինք մինչև այսօր։

— Գոնյա մեր պատիվը պահեցինք։ Օտարներն մեր պակասությունները չհասկացան։

— Օտարներն մեզ նման կույր չեն...

Նա սկսեց թղթերի մեջ մի բան որոնել։

— Ահա՛ ձեզ ցույց կտամ Ս. Պետերբուրգից ստացած պ. Կովյանի նամակը... ի՛նչ պատվական դատողություններ, ի՛նչ պատվական խորհրդածություն... Որտե՞ղ կորավ... Սաշա, — կոչեց նա ծառային։

— Նեղություն մի կրեք. Ս. Պետերբուրգի «պատվական խորհրդածությունները» ինձ պետք չեն. առանց ձեր կարդալու, ես կարող եմ ասել, թե ինչ գրված կլինի այն նամակի մեջ։

Նա դառնում է դեպի ինձ։

— Ուրեմն ասացեք, խնդրեմ, պետք չէ՞ թքել մի այսպիսի լրագրի վրա, որ բացասում է մեր լավ կողմերը, հերքում է և ամեն ինչ քանդում է, տակնուվրա է անում։ Այդ ո՞ւմ դուր է գալիս, ո՞վ չէ բարկանում։

— Դա շատ բնական է. փորձեցեք երկու աչքերով կույր մեկին ասել` դուք կույր եք. նա իսկույն կբարկանա, թեև հայտնեցիք մի անհերքելի ճշմարտություն։

Նա տաքացավ։

— Դա զզվելի է… միշտ գովել պետք է, խրախուսել պետք է, քաջալերել պետք է. դուք միայն հուսահատեցնում եք... դուք ամեն բան սև գունով եք տեսնում... կյանք, ուժ ուրանում եք ազգի մեջ...։

— Կրթության այդ հին և փտած եղանակը արդեն ցույց տվեց