Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/281

Այս էջը հաստատված է

իր արդյունքը։ Կ. Պոլսի հոսհոսների լրագրությունը մինչև այսօր այդ ձևին էր հետևում, նա միշտ գովում էր, նա միշտ ոգևորվում էր, ցույց տալով, թե ամեն բան ունեն, ամեն բան պատրաստ է։ Բայց հանգամանքները ցույց տվեցին, թե նրանք ինչ տեսակ ժողովուրդ պատրաստեցին։ Տաճկահայոց ոչնչությունը հայտնվեցավ։

Ազգասերի նետը, կարծես, քարին դիպավ. նա կանգ առավ և սկսեց մտածել։

Ես շարունակեցի.

— Նույնը անում էին մեզանում և մինչև այսօր. «ինչ որ հայկական է, այն լավ է». — այս էր մեր ազգ սիրողների սկզբունքը։ — Հայ վաճառականը խաբեբայությամբ է վարում իր առևտուրը։ — Պետք է գովել նրան, այդ գողություն չէ, որովհետև գործողը հայ է։ Հայ ընտանիքը օրըստօրե քայքայվում է բարոյական փտության մեջ։ — Վնաս չունի. որովհետև մեր ազգի ընտանիքն է, նրան վատ ասել չի լինի։ Հայ եկեղեցականները դարձել են ավազակներ։ — Պետք է գովել նրանց, որովհետև մեր հոգևոր հայրերն են, մեր կրոնի ավանդապահներն են...։ Ի՞նչ խոսքս երկարացնեմ, դուք ամեն աղբ, ամեն կեղտ, ամեն ապականություն գովում էիք, և գովում եք, որովհետև հայի աղբ է...

— Ի՞նչ վնաս տվեցինք մեր գովություններով։

— Այն վնասը, որ դուք խաբեցիք ազգը և գովաբանելով նրա հիմարությունները, նրա անպիտանությունները, առիթ տվեցիք անպիտանությանը մնալ միշտ անպիտանություն։ Դուք ազգի աչքերը փակեցիք իր այլանդակությունը չտեսնելու համար։

— Իսկ դուք, որ պախարակում եք, քանդում եք, ոչնչացնում եք, նրա տեղը ի՞նչ եք դնում։

— Մենք այգեպանի պաշտոն ենք կատարում։ Այգեպանը, երբ անխնա կտրում է ծառի չորացած, փտած և ավելորդ ճղները, չէ մտածում նրանց տեղը մի նոր ճյուղ կպցնել. որովհետև գիտե, որ նորը ինքն իրան կբուսնի, եթե ծառի մեջ կյանք կա, ուժ կա և հողի մեջ արմատ ունի...։

Խոսակցությունը ընդհատվում է։ Դատարանի ծառան ներս է բերում մի հրավիրաթուղթ և ստորագրել է տալիս։

— Ի՞նչ գործերի համար եք կանչված։

— Դարձյալ այն անիծված կտակի համար է…

Ազգասերը մոռացավ սերն էլ, ազգն էլ, Վարդանն էլ, Հայկն էլ։ Նա կանգնեց այս խոսքերով.

— Ներողություն, ես փաստաբանիս մոտ պետք է գնամ։