Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/283

Այս էջը հաստատված է

պետք է որոնել մեր դպրոցների հետամնացությունը, որ նրանք ամենևին չեն հասնում նպատակի, և չեն կարողանում տալ ժողովրդին այն, ինչ որ նրան պետք է. և ժողովուրդը ստիպված է դարձյալ իր որդիների մտավոր սնունդը որոնել օտար աղբյուրներում։

Հայտնի բան է, դպրոցների կյանքում մի այնպիսի նշանավոր փոփոխություն, որ եղավ վերջին տարիների ընթացքում, չէր կարող անցնել առանց ներքին կռիվների և առանց աղմուկի։ Բայց ցավալին այն է, որ կռիվը, աղմուկը ավելի կրքերի և դրա ու նրա շահերին են ծառայել, քան թե որևիցե գաղափարի, որ վերաբերում էր բուն հիմնարկության բարեկարգությանը։

Այս գործին ավելի ձեռնհաս եղող անձինքների վրա, որպիսի են մեր պ.պ. թեմական տեսուչները, պարտավորություն դնելով պարզել վերոհիշյալ տխուր երևույթների պատճառները, մենք կվեր առնենք մի ճյուղը միայն, այսինքն վարժապետներին, և կխոսենք նրանց մասին։

* *

*

Մեր խոսքը գավառական վարժապետների մասին է։

Գավառական վարժապետները ըստ մեծի մասին կանչվում են Թիֆլիսից դպրոցների հոգաբարձության հրավերքով։ Հոգաբարձուները վաճառական մարդիկ լինելով, վարժապետների ընտրության մեջ վարվում են ճիշտ այն կերպով, ինչ կերպով որ վարվում են իրանց առևտուրի մեջ։ Օրինակ, նրանց մեկին պետք է շաքար, գրում է իր Թիֆլիսի գործակատարին, թե 100 պուդ շաքար ա՛ռ և ուղարկիր։ Գործակատարը գնում է այնքան արկղներ, որոնք պարունակում են իրանց մեջ շաքարի պահանջված քանակությունը, և ուղարկում է, առանց յուրաքանչյուր արկղը առանձին-առանձին նայելու, որովհետև վստահություն ունի ծախողի հավատարմության վրա։

Հոգաբարձուն գրում է իր գործակատարին կամ ծանոթ մեկ վաճառականին, թե մի վարժապետ ուղարկիր (կարծես, դա էլ բազարում ծախվող մթերք է)։ Ի՞նչ անե խեղճ վաճառականը. իրա խելքի բան չէ. իրան անծանոթ մի ապրանք է վարժապետը, — այստեղ է հարցնում, այնտեղ է հարցնում, և շատ-շատ մի հայտարարություն է տպել տալիս «Մեղուի» կամ «Մշակի» մեջ։

Քարվանսարաների պուճախները պտրելով, հայտնվում է վաճառականի մոտ մի անծանոթ պարոն։ — Ես վարժապետ եմ, — լինում է