Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/286

Այս էջը հաստատված է

Շատ անգամ տեղային հոգևոր իշխանության ներկայացուցիչն է անում միևնույն բանը, աշխատելով մտցնել դպրոցի մեջ մի մարդ, որ նրան ամենայն ջերմեռանդությամբ խնկարկում է, և այս ու այն լրագրում, կեղծ անուններով, գովասանական նամակներ է հրատարակում սրբազանի, կամ գերապատիվ հայր-սուրբի չգործած ազգօգուտ գործերի մասին։ — Դարձյալ խռովություններ են ծագում…։

Շատ անգամ նույնը անում է մի «աղա», որն ամենևին դպրոցի վարչության հետ կապ չունի, բայց ժողովրդի մեջ մեծ համարում և ազդեցություն ունի։ Նա իր աղքատ բարեկամի համար հաց գտնելու մտքով, իսկույն խրում է նրան դպրոցի մեջ։ Եվ կամ ցած շողոքորթի մեկը կարողանում է «աղայի» փառասիրությունը հրապուրել և նրա մեջ պաշտպանություն գտնել։ «Աղան» ամեն ինչ կքանդե, դպրոցը տակնուվրա կանե, եթե իր ցույց տված մարդուն չընդունեն իբրև վարժապետ։ Թող նա լիներ հիմար և անընդունակ մեկը, բայց ո՞վ կարող է ընդդիմանալ, երբ որ «աղան» հրամայում է…։ Դարձյա՛լ խռովություններ... Որովհետև «աղաները» միշտ ունենում են ուրիշ «աղաներ» որպես հակառակորդներ։

Հիշյալ կրքերից ազատ չեն մնում և լրագիրների[1] ու ամսագրերի խմբագիրները և դասագրքերի հեղինակները։ Շատ անգամ գավառներից դրանց են դիմում վարժապետների համար. և այդ պարոնները գավառներում գործակալներ և թղթակիցներ ունենալու համար` իսկույն խրում են պահանջված տեղում իրանց ցանկացած մարդը։

* *

*

Վարժապետների վերաբերությամբ դպրոցների գործը ոչ սակավ խառնում են և քահանաները, որոնք իրանց բազմամյա խարդախություններով մի տեսակ համարում են ստացել ժողովրդի մեջ։ Դրանք միշտ ունենում են իրանց ձեռքի տակ մի զորեղ կուսակցություն։ Ամեն տեղ դրանք նման են միմյանց և ծառայում են որպես հարմար գործիք «աղաների» և հոգևոր իշխանության ներկայացուցչի ձեռքում։ Վերջինը կարոտություն ունի նրանց մեջ, որովհետև հմուտ որսորդներ են...։ իսկ առաջինները կարոտություն

  1. 1 «Մշակը» որովհետև սկսյալ իր հրատարակման օրից միշտ հեռու Է պահել իրան ստիպանոք տարածվելու մխոցներից, այս պատճառով և միշտ ազատ է մնացել հիշյալ ախտից: