Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/297

Այս էջը հաստատված է

Բողոքը կարող էր հայտնվել երկու կերպով. կամ իրանք էլ սլավոնական ցեղերի նման զենք վեր առնեին, և փոխանակ իրանց տան ծածկի տակ քրդերի սրից կոտորվելու, պատերազմի դաշտում մեռնեին, — և կամ գրավոր կերպով իրանց բողոքը հայտնեին ուր որ հարկն էր։ Առաջին գործողության մեջ նրանք անընդունակ էին, իսկ երկրորդը ոչ ոք չէր արգելում։

Բայց ո՞վ պետք է տար գրավոր բողոքներ։

Հայտնի բան է. Աղբակա հայերը, որոնց 24 գյուղերը մոխիր դարձան, քահանաները ձողերի վրա բարձրացան, կոտորվեցան, ջարդվեցան, և կանայք ու աղջիկները Ջելալեդդինի ու շեյխ Իբադուլլայի զորքերի ձեռքով գերի գնացին, — Աղբակա ողորմելի հայերը, որ այժմ Պարսկաստանում մուրացկանությամբ են ապրում, ընդունակ չէին բողոք բարձրացնելու։ Նույնը չէին կարող անել և Վանա հայերը, որոնց հրդեհած քաղաքի ծուխը դեռևս բարձրանում է բազմաթիվ անբախտացած ընտանիքների սրտերից... նույնը չէին կարող անել և Բայազետի ու Ալաշկերտի հայերը, որոնց վիճակը ամենիս հայտնի է։ Այլևս չեմ խոսում Մուշի, Բաղեշի, Տիգրանակերտի և տաճկական Հայաստանի ուրիշ շատ հայերի մասին, որոնց ոչ մեկը ազատ չմնաց մահմեդականների բարբարոսություններից։

* *

*

Ուրեմն ո՞վ պիտի խոսեր, ո՞վ պիտի բողոք բարձրացներ։

Այդ լինում է երկու կերպով։ Երբ մի ժողովուրդ այնքան զարգացած է, որ հասկանում է իր իրավունքները և հասկանում է, որ ինքն բռնաբարվում է, — և միևնույն ժամանակ այնքան պատրաստված է, որ կարող է ընդդիմադրել բռնակալի կամայականությանը, — ժողովուրդը ինքն է բողոք բարձրացնում, թե՛ զենքով և թե՛ խոսքով։ Այդ լինում է հեղափոխական ցույցերով, և դրան ասում ենք, թե ազատության զգացմունքը արմատիցն է ծագում, ամբոխի սրտիցն է բխում, — ցածից վեր է բարձրանում։

Իսկ երբ ժողովուրդը զարգացած չէ, և գտնվում է մի այնպիսի հիվանդոտ դրության մեջ, որ միայն զգում է իր ցավերը, բայց դարման անելու շնորհ չունի, — այն ժամանակ նրան իր թշվառ վիճակից ազատելու հոգսը վերևից դեպի ցած է իջնում։ Դա հայտնվում է բարձր կենտրոններում, մայրաքաղաքներում, ուր գտնվում են ժողովրդի ավելի զարգացած և գործունյա դասերը։ Ամբոխը ենթարկվում է այդ դասերին և կրավորական դեր է խաղում։