Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/301

Այս էջը հաստատված է

Այժմ կարծեմ ընթերցողին հասկանալի եղավ, թե ինչ տեսակ անձինքներից է բաղկացած Կ. Պոլսում այն կուսակցությունը, որ մենք իր հին անունով կոչեցինք ամիրաների կուսակցություն, մի տեսակ մարդիկներ, որ անունով միայն հայ են, իսկ սրտով թուրքից ավելի թուրք,— և իրանց անձնական շահերը պահպանելու համար, հայտնի բան է, նրանք կցանկանային միշտ կանգուն տեսնել Թուրքիան իր կառավարության անկարգ այլանդակության մեջ: Եվ այս տեսակ մարդիկներից, հասկանալի է, որ չէր կարելի սպասել, որ նրանք բողոք բարձրացնեին, և հայ ժողովրդի հառաչանքներին թարգման լինեին։

Դառնանք դեպի մեր կուսակցությունները։

Կ. Պոլսում կա և մի ռուսական կուսակցություն, որը մեր նկարագրած կուսակցության հակակշիռն է կազմում։ Այս կուսակցությունը ավելի զորություն ստացավ Իգնատիևի դեսպանության օրերում։ Նրանք մտածում էին, թե հայերը կարող են ազատվել Թուրքիայի հարստահարություններից, — դա կարող է լինել միայն ռուսների պաշտպանությամբ, և իրանց փրկությունը որոնում են միայն ռուսաց դրոշի տակ, ցանկանալով, կամ տաճկական Հայաստանը Կովկասի հետ միացած տեսնել, և կամ Թուրքիայի հպատակ մնալով: Ռուսաստանի հովանավորությունը վայելել։

Թե մինչև ո՛ր աստիճան ճիշտ են այս կուսակցության ակնկալությունները, մենք ավելորդ ենք համարում քննել, միայն կասենք, որ նա ունի իր ընդդիմակալ մի ուրիշ կուսակցություն, որը հակակիր է դեպի Ռուսաստանը: Այս հակակրությունը առաջ եկավ Ալի և Ֆուադ փաշաների ազդեցությունից հայերի վրա, և մասամբ Նապոլեոնի քաղաքականութենից Թուրքիայում, որի հետևանքն եղավ անջատել Տաճկաստանի հայերին Ռուսաստանի հայերից և նրանց ներքին կապը խզել: Որովհետև նրանք սկսեցին համարել Ռուսաստանի հայերին կորած, և ամեն վստահություն կորցնելով դեպի իրանց ազգայինները, մտածեցին աշխատել, որ վիճակակից չշինեն նրանց դրությանը[1]: Եվ այս տեսակ կարծիքից Ռուսաստանի հայերի վերաբերությամբ` առաջ եկավ այն, որ նրանք սկսեցին ավելի սերտ կերպով կապվել Թուրքիայի հետ, և իրանց բարօրությունը նրանից սպասել:

  1. 1 Կ. Պոլսում դեռ պատերազմից առաջ հրատարակված «Շահենն ի Սիբիր» կոչված գիրքը կատարյալ արտահայտությունն է հիշյալ կուսակցության: Մենք ուրիշ ժամանակ առիթ կունենանք խոսել այդ գրքի մասին: