Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/317

Այս էջը հաստատված է

պատմական անձնավորությոլններ, — որպես հանկարծ ցայտող կայծեր ժողովրդի հանգած քաջազնական կյանքից։

Մի գրող միայն, հանգուցյալ Աբովյանը, իր գրքի մեջ դուրս բերեց այդ կենդանի ժողովրդական տարրը, — նրա Աղասին իր խմբով ուրիշ ոչինչ չէ եթե ոչ հայդուկների մի հրոսակ։

Դեռևս մոտ ժամանակներում հայտնվեցան եթե ոչ հայդուկներ, բայց նշանավոր ավազակներ, որպես էին` Ղարաբաղցի Քեշիշօղլին, երևելի Ադիկյոսպել պարսկի ընկերը, Եզիկը, Եզնակը, Քոչոն, Ասատ-բեկի ընկերը։ Դրանց գործերի մեջ որքան լսել եմ, կա շատ ինչ բանաստեղծական և վիպական։ Բայց նրանց մոտ ծանոթները գոնյա չգրեցին նրանց կենսագրությունը։ Հայ ավազակապետները ռուսաց և պարսից պատերազմի ժամանակ, ռուսաց և տաճկաց պատերազմների ժամանակ, միշտ մեծ դեր են խաղացել հայ գեներալների ձեռքերի տակ, որպես էին Մադաթովը, Բեբութովը, և այս վերջին պատերազմում Լորիս Մելիքովը ու Տեր-Ղուկասովը։

Տեսնելով, թե ինչ տպավորություն գործեց իմ «Ջալալեդդին» փոքրիկ վեպիկը ընթերցողների վրա, ես քաջալերվեցա իմ վաղվա գրած մի աշխատությունը լույս ընծայել, որ կրում է անունս «Հայդուկներ»։ Դա, որպես կտեսնի ընթերցողը` հայդուկների մի խումբի հիշատակարանն է, որ գոյություն է ունեցել մոտ 70 տարի առաջ, որի մասին դեռ երեխայությունից ես շատ ավանդություններ էի լսել իմ հայրենիքում, և որի մասին տեղական լեգենդական զրույցները դեռ չեն կորել Վասպուրականի հայ ժողովրդի բերանից։

Ես նպատակ չունեի այսպես շուտ հրատարակելու այս աշխատությունը, ի նկատի ունենալով մի քանի թերություններ, որ պետք էր լրացնել, կրկին ճանապարհորդելով Վանի, Մուշի և առհասարակ Վասպուրականի կողմը, ուր հանդիսանում են մեր հայդուկները. ինձ պետք էին մի քանի վիպագրական ճիշտ տեղեկություններ, որոնք թռել էին իմ հիշողությունից, դեռ 15 տարի առաջ ճանապարհորդած լինելով այն կողմերում։ Իսկ այսքանն էլ բավական է ցույց տալու համար, թե մեզանում պակաս չեն եղել տղամարդիկ, որ չզգային թուրքերի լծի դառնությունը և չաշխատեին ազատ լինել։

Ես իմ աշխատությանը հիշատակարանի ձև տվի, որովհետև նրանք քաղել եմ մի իննսունամյա ծերունու պատմությունից, որ պահված էր նրա հիշողության մեջ, և որ ինքն իմ նկարագրած խմբի նշանավոր անդամներից մեկն է եղել։