Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/32

Այս էջը հաստատված է

ՎՐԱՑ ԻՇԽԱՆԻ ԱՐՔԱՅԱԶՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԿՅԱՆՔԻՑ ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ

Իշխան Ալեքսանդրի ժամանակը դեռ շատ չէ հնացել։ Պարսկաստանում մինչև այսօր ծերունի ալևորներ հիշում են նորա պատմությունը։ Եվ մեք, նյութեր քաղելով կենդանի ավանդություններից, կաշխատեմք տալ ապագային մի քանի տեղեկությունը նորա կյանքից։

Իշխան Ալեքսանդրի Պարսկաստան գնալու պատճառները այնքան հայտնի են ժամանակակից պատմագրությանը, որ մենք ավելորդ ենք համարում այդ մասին մի բան խոսել, միայն նա գնաց այնտեղ, երբ Ղեջարյան գահին տիրում էր Ֆեթհ-Ալի-Շահը։

Շահից նա գտավ արժանավոր ընդունելություն, որ որոնում էր ապաստան մի այլ տերության մեջ։

Ֆեթհ-Ալի-Շահի հրամանավ Ապպաս-Միրզան, որ և կոչվում էր Նաիբուլ-Սալթանա, այսինքն՝ Շահի ժառանգը, և միևնույն ժամանակ Ատրպատականի կուսակալը, շնորհեց իշխան Ալեքսանդրին Սալմաստա գեղեցկադիր գավառում մի քանի գյուղորայք նորա կացարանի և ապրուստի համար։ Այդ գյուղորայքից իշ. Ալեքսանդրը ընտրեց յուր բնակության համար Խորովիա անունով հայաբնակ և Ասորոց գյուղը, որ յուր այգևետ և ծառազարդ դիրքով, մաքուր ջրով և հստակ օդով, առժամանակ կարող էր մխիթարել նորանում Կախեթիայի բաղձանքները։

Խոսրովիայում իշխան Ալեքսանդրը շրջապատված էր այն վրացի տղամարդերով, որք ավելի քան հիսուն հոգի գաղթել էին նորա հետ։ Նոցա թվում կային և մի քանի անձինք ազնվական տոհմից, որք իշխանի դժբախտության ժամանակ չհեռացան նորանից։ Դոցա մեջ նշանավոր էին Ղարսաման-բեկ, Յոթան-բեկ, Մակա-բևկ, Աղա-բեկ, Րուստեմ-բեկ և այլն։

Ֆեթհ-Ալի-Շահը սիրում էր իշխան Ալեքսանդրին, նա շնորհեց նորան Վալիի Գուրջիստան տիտղոսը։ Եվ Վալին տարենը մի անգամ Թեհրան էր գնում Շահի հետ տեսություն անելու, ուսկից դառնում էր նա թանկագին ընծաներով։

Ֆեթհ-Ալի-Շահը այնքան պատվեց նրան, որ մի անգամ, երբ նա ուներ մեծահանդես Սալամ (ընդունելություն) Նիգարիստանի այգիի ապարանքում, ընդունեց իշխան Ալեքսանդրին յուր ամենաբարձր դրանիկների թվում, խիստ փաղաքշական խոսքերով, և