Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/321

Այս էջը հաստատված է

մյուս կողմից, բավական նպաստում է մորն ամրացնելու իր սպառված ուժերը և հեռու մնալու դաշտային ծանր աշխատություններից, որ կարող էին վնասել նրան ծնունդից հետո։

«Աղջկա երեսը պինդ կլինի, — ասում է գյուղացին, — նրան եթե ջրաղացի քարի տակն էլ գցես, էլի ողջ կդուրս գա»։ Այս պատճառով նրան համարյա թե թողնում են բախտի կամքին։ Աղջկա խնամատարությունը սկսյալ ծնունդից այն չէ, ինչ որ տղաներինը։ Նրան շատ անգամ ձգում են տանը բոլորովին մենակ, կապած օրորոցի մեջ. մայրը չէ վեր առնում իր հետ, որ չխանգարեր դաշտային գործերում, ողորմելին ամբողջ օրը ճչում է, աղաղակում է, մինչև ձայնը իսպառ կտրվում է։ Խիստ սակավ է պատահում, որ հարևանի կինը նրան օգնության հասներ։ Պատահում է ևս, որ փոքրիկ երեխան օրորոց էլ չունի, նրան թողեցին տանը քնած մի շորի կտորի վրա, հանկարծ նա զարթնում է և լաց է լինում. մայրը չկա. նա սկսում է սողալ հատակի վրա, կարծես թե պտրելու մորը, և այսպես հասնում է թոնրի մոտ, մի շարժում բավական է, որ նա ընկնի այդ կրակի խորի մեջ... Ինձ շատ անգամ է պատահել տեսնել գյուղերում կիսով չափ խորոված երեխաներ, կամ չափահասներ, որոնց երեսի և ձեռների վրա դեռ երևում են վերքի նշանները. երբ հարցնում ես պատճառը, պատասխանում են, թե երեխայությանս ժամանակ ընկել եմ թոնիրի մեջ։ Ընկնողները մեծ մասամբ ածուխ են դառնում։ Բայց աղջկա մահը, ինչ կերպով և հասնելու լիներ, պատճառում է ծնողներին ներքին բավականություն։ Ավելորդ բեռը հեռացվում է ընտանիքից։

Երբ երեխան մեկ տարին լրացնում է, մայրը նրան իր հետ է առնում, երբ պետք էր գնալ դուրսը գործելու։ Այդ նրան շատ զվարճացնում է։ Նստած մի ծառի ներքո, դալար խոտերի վրա, նա հանդարտ և հետաքրքիր աչիկներով նայում է մոր աշխատությանը։ Շատ անգամ անձրևը և կարկուտը պատահում են նրան նույն դրության մեջ, և փոքրիկ գեղջկուհին երեխայությունից սկսում է սովորել եղանակների խստություններին։ Ամեն անգամ, երբ լաց է լինում նա, մայրը աշխատում է հանգստացնել ապտակներով։ Մի անգամ ես առիթ ունեցա հարցնել մորից, որ սաստիկ ծեծում էր երեխային, անդադար կրկնելով` «սո՛ւս», «սո՛ւս», թե ի՞նչու է այնպես վարվում։ Նա բավական սառնասրտությամբ պատասխանեց, «ծեծում եմ, որ ձենը կտրի»։ Թեև ցավի սաստկությունից նա ավելի լաց էր լինում, ավելի ճիչ էր բարձրացնում, բայց մայրը չէր ուզում հասկանալ, թե ինքն է պատճառը։ Բայց աղջիկը շուտով