Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/322

Այս էջը հաստատված է

է հաշտվում իր վիճակի հետ. նա մանկությունից հասկանում է. թե ինքն իրավունք չունի պահանջել որ իր հետ մեղմ լինեին, քաղցրությամբ վարվեին, որովհետև նա աղջիկ է։

Երբ փոքրիկ գեղջկուհին սկսում է ոտքի վրա կանգնել, ման գալ, մայրը այլևս չէ նայում նրա վրա. «նա իր գլուխը կպահե», — ասում են և թույլ են տալիս մենակ տնից դուրս գալ և գյուղական երեխաների հետ խաղալ փոշիների և ցեխերի մեջ։ Փույթ չէ, եթե ամբողջ օրը նա չէր վերադառնա, նրան մինչև անգամ մոռանում են, և ուրախ են, որ տանը մոր գործերը չէր խանգարում։ Իսկ 4-5 տարեկան հասակում նրան արգելում են տղաների հետ խաղալ։ Գյուղերում շատ անգամ պատահում են բոլորովին մերկ երեխաներ, որ թափառում են փողոցներում արեգակի այրող ճառագայթների ներքո, կամ թավալվում են ճահիճների ու մորուտների (лужа) մեջ. բայց նրանց թվում հազիվ թե կարելի է մի աղջիկ տեսնել նույն դրության մեջ։ Սեռական խտրությունները, սկսյալ մանկությունից, սովորեցնում են փոքրիկ աղջիկներին տղաների մոտ արձակ չլինել։ Ո՞վ չէ տեսել Թիֆլիսում, Սաղի վրա, մալականի աղջիկները և կնիկները, տղամարդերի հետ խառն, բազմության աչքի առջև, լողանում են Կուր գետի մեջ։ Բայց մեր գյուղերում անկարելի է տեսնել, որ մինչև անգամ 4-5 տարեկան աղջիկներն իրանց հասակակից տղաների հետ լողանային առվակների մեջ։ Աղջիկները լողանում են իրանց սեռակիցների հետ և ընտրում են առհասարակ ծածուկ տեղեր, կամ երբ մութը բավական պատել էր երկրի վրա։ Տղաները, թեև ավելի սիրվում են ծնողներից, բայց միշտ կտեսնեք նրանց կիսամերկ, կեղտոտ և պատառոտած շորերով։ Բայց աղջիկը, չնայելով իր ստոր նշանակությանը, համեմատաբար ավելի մաքուր հագնված է լինում, նրա վրա մերկություն չէ նշմարվում. այս դեպքում ծնողները նրան չեն զրկում։

Աղջիկն արդեն յոթ-ութ տարեկան է. հասել է ժամանակը, որ պետք է մի բան սովորի։ Դժբախտաբար մեր գյուղերում դեռ չկան աղջկանց դպրոցներ և եղածներն այնքան փոքրաթիվ են, որ պետք է բացառություն համարել։ Նրանց ուղարկում են շատ գյուղերում մի տեսակ կանանց մոտ, որ կոչվում են «ուստա» (վարպետ), որոնք վարժուհու պաշտոն են կատարում։ Վարժուհու մոտ օրվա մեծ մասը աշակերտուհիները զբաղված են լինում նրա տնային գործերով. դա մի կողմից վարժեցնում է նրանց տնտեսության մեջ։ Երբ գործերը վերջացել էին, վարպետուհին նստեցնում է նրանց իր բոլորտիքը և սովորեցնում է կարել, հյուսել և ուրիշ ձեռագործություններ։