Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/324

Այս էջը հաստատված է

պայմանների հետ, իսկ երրորդ, դպրոցների վատ կազմակերպությունը և մասամբ վարժապետների գայթակղեցուցիչ վարքը։ Ոչինչ այնպես չէ կոտրում մի լավ հիմնարկության նշանակությունը ռամկի աչքում, որպես նրա մեջ գործողների չար օրինակը։ Գյուղացին իր աղջիկը տալիս է դպրոցը շատ փոքր հասակում, այսինքն այն հասակում, որ նրան կարելի է ամեն մարդու մոտ թողնել։ Բայց հենց որ աղջկա կուրծքը բարձրանում է, նա 12-13 տարեկան է դառնում, իսկույն դուրս է բերում, ամենևին չնայելով թե ոչինչ չէ սովորել։ Նա սովորում է, իրավ, մասնավոր գրել կարդալ, որը հոր տունը դառնալուց հետո անգործածությունից համարյա մոռանում է։ Խիստ սակավ են այն դպրոցները, ուր ուսուցանում են հաշվել, աշխարհագրություն և քրիստոնեական վարդապետություն։ Մեր գյուղական դպրոցների անբավականացուցիչ վիճակը գլխավորապես այն բանի մեջ պետք է որոնել, որ թե աշակերտները և թե աշակերտուհիքը երկար չեն մնում դպրոցում։ Վերջիններին, այսինքն աշակերտուհիներին շուտ դուրս տանելու պատճառը հայտնի է, բայց տղաներինը բոլորովին այլ է, ծնողքը կամենում են օգուտ քաղել նրանց աշխատությունից իրանց գյուղատնտեսական գործերում, և այս պատճառով տարվա այն եղանակներում, երբ դաշտումը աշխատություն կա, մանուկներին չեն թողնում դպրոցում։ Նա սովորում է գլխավորապես ձմեռը, և տարվա մնացած ժամանակում սովորածը մոռանում է։

Աղջիկից շատ գործ չէ պահանջում գյուղացին, միայն մտածում է շուտ մարդու տալ։ Եթե դպրոցը նպատակահարմար լիներ, գյուղացին կցանկանար, որ իր զավակն այնտեղ պահվեր մինչև պսակվելը։ Նա կթողներ աղջկան դպրոցում, որպես մինչև մարդու գնալը թողնում է վերև հիշած վարպետուհու մոտ, և բնավ կասկած չէր ունենա, թե իր զավակը կփչանա այնտեղ։ Բայց ինչ պետք է արած, որ աղջկանց դպրոցները նպատակահարմար լինեին։ Իմ կարծիքով կրթության գործի մեջ պետք է ի նկատի ունենալ ժողովրդի սովորությունները, քանի որ ժողովուրդը դեռ անպատշաճ է համարում իր աղջկա վիճակը տղամարդ-վարժապետի ձեռքը հանձնել, քանի որ այս վերջինն այնքան անընդունակ է, որ իր ազնվությամբ չէ կարողանում ռամկի վստահությունը շահել. մնում է մի հնար գյուղացի աղջիկներին դպրոցի հետ կապելու, այն է, որ փոխանակ տղամարդերի, կանայք լինեին նրանց ուսուցիչները։ Ես այդ փորձով գիտեմ, որ կանանց մոտ գյուղացի աղջիկներն ավելի լավ են սովորում և ավելի ազատ են զգում իրանց, մինչդեռ