Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/329

Այս էջը հաստատված է

մունջեր են, կամ խելագարներ։ Առհասարակ գյուղացին աղջկան երկար չէ պահում, աշխատում է շուտ ազատվել նրանից, որ իրան շատ զբաղեցնում է։ «Աղջիկը այն տեսակ պտուղ է, որ հասնելու ժամանակ փչանում է», — ասում է գյուղական առածը։

Որովհետև ամուսնությունները միշտ հաշիվներով են լինում, այս պատճառով շատ անգամ պատահում են խիստ տարապայման պսակներ։ Օրինակ, աղջկա հայրը մի «լավ» փեսա չկորցնելու համար իր 5-6 տարեկան երեխան տալիս է մի չափահաս մարդու, կամ ընդհակառակն, իր 15 տարեկան աղջիկը ամուսնացնում է մի 4 տարեկան տղայի հետ։ Եվ մեր գյուղական քահանաները միշտ պատրաստ են մի քանի աբասով այսպիսի պսակներ անել։ Երբեմն նշանում են աղջկան, երբ նա դեռ օրորոցումն էր, դա կոչվում է, թուրքերեն բառով «բեշիկքասմա»` այսինքն օրորոցում կտրած կամ վերջացրած։ Դուք չեք զարմանա, եթե ասեմ, որ երբեմն աղջկան նշանում են, երբ նա մոր արգանդից դեռ լույս աշխարհ չէր մտել։ Փեսայի հայրը ուխտ է դնում աղջկա հոր հետ, ասելով «եթե քո կինը աղջիկ ծնե, նա պետք է իմ որդու հարսը լինի»։ Շատ անգամ երկու ընտանիքների մեջ հին տոհմային թշնամությունները վերջանում են միմյանց աղջիկ տալով կամ առնելով[1]:

  1. 1 Մի ծերունի Սյունյաց երկրից պատմում էր, թե ինքը տեսել է, որ Ղարաբաղի գյուղերում աղջիկներին մի ժամանակ պսակում էին գդակի վրա։ Ինձ ծիծաղելի երևաց այդ խոսքը։ Բայց երբ նա բացատրեց պատճառը, ես համոզվեցա, թե կարող էր այսպես լինել։ Պարսիկների բռնակալության ժամանակ, երբ խաներն առևանգում էին հայոց աղջիկներին, որը գեղեցիկ էր, ծնողները շտապում էին նրանց շուտով պսակել տալ մի տղայի հետ, որովհետև ամուսնացած կնոջը չէին հափշտակում, այլ իրանց հարեմի համար ընտրում էին միայն կույս աղջիկներ։ Պատահում էր, այն տղան, որի հետ կամենում էին պսակել աղջկան, գտնվում էր հեռու գյուղում, կամ պանդխտության մեջ, և պսակի խորհրդին ներկա լինել չէր կարող: Այն ժամանակ փեսան իր փոխարեն ուղարկում էր իր գդակը, որը մի ձողի գլխին ցցելով. հարսի հետ տանում էին եկեղեցին և կատարում էին ամուսնության խորհուրդը։ Այդ բանը, առաջ գալով դեպքերի ստիպմունքից, հետզհետե սովորությունների կարգն անցավ։ Ռամկի մեջ առհասարակ գդակը գլխի կամ անձնավորության նշանակություն ունի. — «Գդակդ քեզ հարամ ըլի», «գդակդ թաղեմ», «գդակդ արնով տեսնեմ» — այդ անեծքները սովորական են գյուղացիների մեջ։ Ինձ պատահել է տեսնել գյուղական խնջույքներում, երբ կոչնականներից մեկը դուրս էր գնում, գդակը դնում էր իր նստած տեղը, որ մյուսները երևակայեն, թե նա ներկա էր։ Մարդուն ամեն մի պատկանող իրը՝ նրա անձնավորության տեղ ընդունելու շատ օրինակներ կան։ Տեսնում ես, մի գյուղացի իր ծառային կամ որդուն ուղարկում է մի ուրիշ գյուղացու մոտ գործով, պատգամավորը հայտնում է նրա կամքը, ավելացնելով. «Եթե չես հավատում, տե՛ս հորս մորուքի սանդրը»։ Շատերը սանդրի փոխարեն ուղարկում են մորուքից մի մազ։