Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/330

Այս էջը հաստատված է

այսպիսի նյութական հաշիվների առարկա է դառնում, շատ հասկանալի է, թե նա որպիսի բախտի կհանդիպի, կամ ինչ կլինի նրա դրությունը ամուսնությունից հետո։ Ես ինքս վկա եմ եղել մի եղեռնագործության, որ կատարվեցավ մի գյուղում. մի հասակ առած աղջիկ տվել էին մի փոքրիկ տղայի, որ մի հարուստ տան միակ ժառանգն էր։ Աղջիկը մի գիշեր անկողնի մեջ խեղդում է նրան։ Բժիշկները քննելով աղջկան, գտան նրա մեջ խելագարության նշաններ, որ առաջ էին եկել սեռական բորբոքումից ուղեղի վրա։

Աղջիկներն առհասարակ վաղ են մարդու գնում և այդ գլխավորապես պահպանում է նրանց բարքի ապականությունից։ Օժիտի սովորությունը դեռ մտած չլինելով մեր գյուղերում, բավական հեշտացնում է ծնողներին կատարել իրանց ցանկությունը, աղջիկներին շուտով ամուսնացնելու։ Շատ տեղերում դեռ մնացել է այն հին սովորությունը, որ աղջկա հայրը փոխանակ ինքը տալու, ստանում է փեսայի հորից փող կամ ուրիշ մթերք։ Դրա մեջ շատերը տեսնում են մի բարբարոսական առևտուր, իբր թե հայրը վաճառում է իր զավակը։ Բայց այդպես չէ։ Փեսայի հորից ստացածը ծախսում է աղջկա հայրը, գնում է զանազան հագուստներ և կարասիք, որը իր հետն է տանում նորահարսը դարձյալ փեսայի տունը։ Աղջկա հայրը ոչինչ չէ շահում, գուցե մի բան էլ ավելի իր քսակից է դնում։ Առհասարակ ամուսնությունը, որպես մի նշանավոր պայման ընկերական կյանքի, արտահայտվում է մեր ռամկի մեջ այնպիսի ձևերով, որ ցույց են տալիս նրա խորին հասարակական նշանակությունը։ Ժողովուրդը համարում է նրան ընդհանուրի գործ, և այդ դեպքում երևան է գալիս մինը մյուսին օգնելու փոխադարձ համերաշխությունը։ Ես կպարզեմ այդ ավելի որոշ կերպով։ Գյուղական հարսանիքները կատարվում են ձմեռը, երբ գինին հասունանում է, երբ գյուղացիք անգործ են և կարող են ազատ կերպով զվարճանալ։ Հարսանիքները հին սովորության համեմատ տևում են յոթն օր յոթը գիշեր. այժմ թեև թեթևացել են, բայց դարձյալ ծանր են, առավելապես աղքատների համար։ Մի քանի օր գյուղի ամբողջ հասարակությունն ուտում, խմում և քեֆ է անում հարսանիքի տանը։ Հարսանիքի հանդիսակատարությունը կապված է բազմաթիվ ծեսերի և արարողությունների հետ։ Ամոթ է համարվում, եթե մեկը հետ կմնար հասարակաց սովորությունից։ Եվ սովորության հետևելը կարող էր պատճառել կատարյալ չքավորություն, եթե հասարակությունը չօգներ։ Եվ ահա ի՛նչ է լինում. աղջկա հայրը, որպես հիշեցի, այնքան ստանում է փեսայի