Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/332

Այս էջը հաստատված է

Խոսելով հարսանիքի միայն տնտեսական կողմերի վրա, ես մոռացա մի բան։ Առհասարակ գյուղական հարսանիքն այնքան հետաքրքիր խորհուրդներ ունի, որ պետք է նրա մասին մի փոքր մանրամասն խոսել, բայց դա իմ հետազոտության նպատակից դուրս լինելով, ես չեմ կարող լռել այն բանի մասին, որ վերաբերում է կին լինող աղջկա բարոյականությանը։

Ես կրկին վերադառնում եմ այն ժամանակին, երբ աղջիկը կին է դառնում։ Հարսի մորը փոխարինում է սկեսուրը։ Անձինքը փոխվում են, բայց դերերը մնում են միևնույնը։ Սկեսուրը մայր է դառնում, այն զանազանությամբ միայն, որ նրա մեջ մայրական գութը բոլորովին բացակա է գտնվում։ Դա ավելի խիստ է, ավելի պահանջող է և ավելի դիտող է։ Ամբողջ օրը նա մրթմրթում է, նրան գոհացնել անփորձ հարսը երբեք չէ կարող։ Պառավները դյուրագրգիռ են լինում, և նա միշտ բարկանում է: Ոսկրների հետ նրա մեջ քարացել է և սիրտը։ Առավոտից մինչև կեսգիշեր հարսը պտտվում է սկեսրոջ շուրջը, նրա զանազան հրամանները կատարելով։ Նա չէ կարող մի նշան անգամ ցույց տալ հոգնելու կամ դժգոհության։ Ամբողջ օրը նա անց է կացնում ոտքի վրա, իսկ գիշերն իր անկողինն է մտնում, երբ ընտանիքի բոլոր անդամները քնած էին. նա պետք է ամենի տեղերը պատրաստե, ամենին հանգստացնե։ Վաղ առավոտյան նա ոտքի վրա է, երբ բոլորը դեռ քնած էին։ Սկեսուրը զարթնելով, անպատշաճ է, որ նրան անկողնի մեջ տեսնե։ Նա այն աստիճան համբերող է լինում, որ շատ անգամ բավական ծանր հիվանդություններ տանում է ոտքի վրա, առանց պառկելու։ Նա ոչ ոքին չէ հայտնում իր տկարության մասին, գուցե գիտե ամուսին այրը, բայց նա նույնպես լռում է։ Հիվանդության պատճառով չգործելը` գյուղացի կնոջ մասին համարվում է ծուլության նշան։ Ամուսին այրը չէ կարող պաշտպան հանդիսանալ կնոջ տանջանքները թեթևացնելու համար։ Եվ մի՞թե նա կարող է հասկանալ, թե նրա կրածները տանջանք է. — այդ զգացմունքը չէ տված գյուղացի մարդուն. նա վարվում է կնոջ հետ նույն անգթությամբ, որպես իր վարող եզան կամ գոմեշի հետ։

Ամուսնության առաջին տարիներում հարսի գործունեությունն ավելի սահմանափակվում է տնային տնտեսության նեղ շրջանում, նրան խիստ սակավ են դուրս թողնում։ Եթե նա այգին, պարտեզը կամ դաշտն է գնում, պառավ սկեսուրը կամ մեծ հարսներից մեկն իր հետն են լինում։ Այսպիսի հանգամանքներում հասկանալի է մանկահասակ հարսի բարոյականությունը։ Այս ասելով