Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/335

Այս էջը հաստատված է

ծույլ չէ և ոչ տգետ, նա չէ բավականանում գյուղատնտեսության մի ճյուղովն միայն, երբ հող ունի և տեղային պայմանները ներում են, նա ընդարձակում է իր տնտեսությունը, միևնույն ժամանակ նա երկրագործ է, ցանում է ցորյան, գարի, կտավհատ, քունջութ, կանեփ, գերչակ և այլն, և միևնույն ժամանակ այգեգործ է, գինեգործ է, անասնապահ է, - այդ բոլորը ավելացնում են կնոջ աշխատությունը։ Գյուղերում, ուր վարում են կիսախաշնարածական և կիսաերկրագործական կյանք, կնոջ աշխատությունն ավելի բարդվում է. անասունների դարմանելը համարյա նրա վրա է մնում։ Նրանք կթում են կաթը, յուղ և պանիր են պատրաստում. նրանք խուզում են ոչխարները, բուրդից թել մանում, և իրանց ամուսինների համար հագուստ պատրաստում։ Մի քանի տեղերում կինն արհեստագործում է գեղեցիկ գորգեր, կապերտներ և շալեր, որ վաճառականության նյութ է դառնում։ Մեծ տարբերություն կա լեռնային և տափարակային տեղերի մեջ կնոջ թե կյանքի ձևերի և թե պարապմունքի վերաբերությամբ։ Լեռնային սարավանդների վրա կյանքը դեռ չէ փոխվել իր նախնական ձևերից. մարդը դեռ ավելի հովիվ է, քան հողագործ։ Իսկ կինն ավելի մոտ է բնությանը։ Այստեղ նա ապրում է կատարյալ նահապետական պարզության մեջ։ Բայց դաշտային տեղերում, տափարակների վրա, կուլտուրայի ազդեցության ներքո, կնոջ աշխատությունը և կենցաղավարության եղանակը փոխվում են և ավելի բազմատեսակ են դառնում։

Առհասարակ խոսելով, գեղջկուհին շատ է գործում, բայց նա աշխատում է ոչ իբրև ստրկուհի, որին մտրակով վարում են դաշտը, այլ որպես ընտանիքի անդամ, որի հոգսերը նա բաժանում է։ Նա գիտակցաբար է գործում, և այդ է, որ չէ հոգնեցնում նրան։ Նա գիտե, որ ապրուստն աշխատություն է պահանջում, և չէ ցանկանում բոլորը ձգել տղամարդի վրա։ Տնտեսության մեջ կնոջ և տղամարդի աշխատություններն այն աստիճան որոշված են, որ ամեն մինը ճանաչում է իր պարտավորությունը, և երբեք միմյանց չեն խանգարում, և ոչ հարստահարում։ Կանայք ընտանեկան խիստ պայմանների մեջ մշակել են որոշ օրենքներ և կանոններ, որ պահպանվում են սրբությամբ։ Եվ եթե մենք ունենք այսօր գյուղացիներ, որ 50 և 100 հազարների տեր են, այդ պետք է որոնել նրանց տոկուն և անընդհատ աշխատության մեջ։ Մեր գյուղացին ամբողջ տարին գործում է, մինչև անգամ տիրոջ հանգստյան օրերը նա չէ պահում։ Ձմեռը միայն կարողանում է նրան