Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/338

Այս էջը հաստատված է

երբեք ծիծաղ չեք տեսնի. նա միշտ տխուր է։ Նրա մեջ չկա բնավորության և այն զվարթությունը, որ հատուկ է մինչև անգամ վայրենիներին։ Ով գործ է ունեցել գյուղացի կնոջ հետ, գիտե, որ նրա մեջ սիրտը մեռած է...

Քաղաքներին մերձավոր գյուղերը, հարաբերություն ունենալով քաղաքացիների և համեմատաբար ավելի զարգացած հասարակության հետ, ցույց են տալիս մի քանի փոփոխության նշաններ։ Քաղաքի մոլությունները ներս են սողում գյուղական համեստ խրճիթներում նորաձևությունների հետ։ Թեյի գործածության հետ մտնում է և յուբկաների գործածությունը։ Կնիկների երեսները կամաց-կամաց բացվում են, նրանց բերանի փականքը բացվում է։ Հասկանալի է վտանգը, երբ կյանքի այլափոխությունը սկսվում է հագուստից և կերակուրներից։ Այս տեսակ կանայք, որոնց կարելի է կոչել գյուղական մոդնի խանումներ, մի ծիծաղելի խառնուրդ են ներկայացնում. նրանք «ոչ հայի խունկ են, ոչ թուրքի ուզարլիկ»[1]։ Խոսացրու նրան, կտեսնես, որ նա ոչնչով չէ տարբերվում մյուս գռեհիկներից, բացի մի քանի լրբություններից, որ չես տեսնի իր նախնական ձևի մեջ մնացած կնոջ մոտ։

Այս բոլորից հետո կա մի բան, որ մեծ ապագա է խոստանում։ Գյուղացու ընտանեական կյանքն իր հաստատուն հիմունքներով և իր բարոյական զորությամբ մի շատ արգավանդ հող է կրթության գործի համար։ Նրա մեջ կան անմշակ, բայց հարուստ ընդունակություններ։ Ես ոչ մի ուրիշ պատճառ չեմ ճանաչում, որ պահպանեց հային իր աննախանձելի պատմության երեսից, — բայց միայն ընտանիքի բարոյական զորությունն իր որոշ առանձնություններով։ Դարերի ստրկությունը և ճնշումը չէ քարացրել նրան այն աստիճան, որ անընդունակ լիներ մի նոր փոփոխության. այլ ընդհակառակն, կյանքի կռվի մրցությունը շինել է նրանից բավական գործնական մարդ։ Նա չափազանց էլաստիկային և դյուրաթեք բնավորություն ունի։ Այս պատճառով մենք չենք կարող ասել, թե ունենք գյուղական հասարակություն, այդ բառի ճիշտ նշանակությամբ։ Մեր գյուղացին գիտե հանգամանքներից օգուտ քաղել, նա կյանքի պայմանների հետ այնպես շուտ հաշտվում է, և հարմարությանը նայելով, այնքան ճարպիկ կերպով փոխում է իր պարապմունքների ձևը,

  1. 1 Մի տեսակ բույսի սերմ է, որ մահմեդականները ծխում են գերեզմանների վրա, որը խիստ անախորժ հոտ ունի։