Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/340

Այս էջը հաստատված է

չգտնելով, թափառում են քաղաքից քաղաք։ Մինչև անգամ ամենաանբարոյական օրինակները մի ամբողջ գյուղի հասարակության մի կեղտոտ գործով են զբաղեցնում. «խաչագողները» հայտնի են արդեն... Այդ բոլորը կյանքի նշաններ են, բայց վատն այն է, որ գյուղացին, հենց որ փոքր ի շատե փող է ձեռք գցում, տեղափոխվում է դեպի քաղաքը։ Գյուղական ասպարեզը նեղ է գտնում իր ընդարձակ գործունեության համար։ Այն ժամանակ միայն գյուղացին իր կանոնավոր և նորմալ դրության մեջ կմտներ, երբ ճանապարհների հաղորդակցությունը կհեշտանա. գյուղատնտեսությունը նոր ձև կստանա, փոխելով իր նահապետական կերպարանքը։

Պետք չէ մոռանալ և դպրոցի անբարոյականացնող ազդեցությունը։ Երևակայեցեք աղջկա դրությունը, որ նա մանկությունից փակված է եղել տան պատերի մեջ, որ նա երբեք տնից դուրս չէ եկել առանց մոր, որ նա մարդերից այնպես է վախում, որպես գայլերից — հանկարծ նրան մենակ դուրս են թողնում, որպես թռչունը վանդակից։ Նրա ծնողները ծառա կամ աղախին չունեն, նա մենակ պետք է գնա դպրոցը, որ շատ անգամ հեռու է գտնվում։ Արտաքին աշխարհը — փողոցը — այն աստիճան ավերված և անկարգ է, որ չէր կարող վնասակար ազդեցություն չանել նրա վրա, գավառական քաղաքներն ըստ մեծի մասին խառն լինելով մահմեդականների հետ, աղջիկը մինչև դպրոց հասնելը լսում է հազարավոր վատ խոսքեր թուրքի տղաներից (հայ տղերքն էլ նրանցից պակաս չեն)։ Սկզբում նա երկչոտ է լինում, ուշադրություն չէ դարձնում, անց է կենում։ Հետո փոքր առ փոքր սիրտ է առնում, սկսում է պատասխանել... Այս հանգամանքներն ի նկատի ունելով, ես հասնում եմ այն ցավալի համոզմունքին, թե աղջիկը, որ դպրոցի երես չէ տեսնում, ավելի բախտավոր է, թեև նա մնում է տգետ, բայց պահում է իր բարոյականությունն անարատ։ Այլևս չեմ ասում, թե թերի և աննպատակ ուսումը միշտ վնասակար է լինում։ Բարեբախտաբար մեր գավառական քաղաքներում դեռ չկան կարելու արհեստանոցներ. Թիֆլիսում այժմ սովորության մեջ մտած կարուհիների մագազիններն ավելի մեծ թվով փչացնում են աղջիկներին...

Երբ աղջիկը դառնում է 14-15 տարեկան, ծնողները մտածում են նրան մարդու տալ։ Օժիտի սովորությունը սկսված լինելով գավառական քաղաքներում, որքան ընդհանրանում է նա, այնքան ավելի ծանրանում է աղջկա վիճակը աղքատ ընտանիքի վրա։