Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/349

Այս էջը հաստատված է

է իր հետ հինգ հարյուր կամ հազար ռուբլի. երբեմն միայն հագուստներ և մի քանի կարասիք։ Այդ չնչին գներով նա գնում է իր համար և չնչին փեսա։ Հարսանիքի հանդեսից անմիջապես հետո փեսան շարունակում է իր գործը, դիմում է խանութը կամ արհեստանոցը։ Եվ սկսվում է վշտալի կյանքը։

Մանկահասակ կինը երբեմն լինում է լավ տանտիկին, նայելով թե որպիսի մարդի էր հանդիպել նա։ Սկզբում մայրը հաճախ այցելում է անփորձ աղջկա մոտ, խրատում է նրան իր նոր տնտեսության այս և այն կարգադրությունների մեջ։ Հետո փոքր առ փոքր մոռանում է նրան և բոլորովին ձգում են իր կամքին։ Այժմ մանկահասակ կինը թեև աղքատ է, բայց դարձյալ գոհ է, որովհետև ինքնագլուխ է։ Սկեսուրը, եթե կենդանի է նա, չէ փոխարինում իր մորը, չէ նեղացնում նրան, երբեմն ինքն է ծեծում պառավին։ Նրա տնտեսությունը լինում է իր մոր տնտեսության կրկնությունը. միևնույն փոքրիկ և նեղ սենյակը, միևնույն անհարմարությունները տիրում են և այստեղ։ Ամուսին այրը բազարի մարդ է, առավոտյան մութին գնում է խանութը և գիշերվա մութին վերադառնում է տուն։ Նա ճաշում է խանութում, առանց կնոջ վրա մտածելու, թե ինչ պիտի ուտե։ Կյուրակե օրերը միայն խոհանոցի օջախներում կրակ է ձգվում. ամբողջ շաբաթ կինը անց է կացնում ցամաք հացով։ Ոչինչ այնքան սարսափելի չէ լինում որպես թաքնված աղքատությունը, որը դրսից հրապուրիչ երևույթ ունի, բայց ներսից մաշում է ընտանիքի կյանքը։

Օրերն անցնում են օրերի հետևից, միատեսակ և անգործ կյանքը սկսում է ծանրանալ մանկահասակ կնոջ սրտի վրա։ Տանը նա ոչինչ պարապմունք չունի, ոչինչ չէ զբաղեցնում նրան։ Անգործության մեջ զարթնում են բոլոր ախտերը։ Պետք է մի բանով զբաղվել և վերջապես զվարճանալ: Իր հոր տան մեջ մի կողմից երջանիկ էր. մայրը ման էր ածում նրան, ցույց էր տալիս աշխարհին: Մայրը նրա համար մի լավ ընկեր և բարեկամ էր: Այդ կարեկցությունները նա չէ գտնում իր տղամարդի մեջ: Սառնությունը առաջ է գալիս ինքն իրան: Միջին դասի մարդիկը սովորություն չունեն զբաղեցնել իրանց կնիկներին. դուք չեք տեսնի նրանց միասին փողոցում, կամ որևիցե զբոսանքի տեղում: Մանկահասակ սիրտն սնունդ է պահանջում: Սկզբում նա տանից դուրս է գալիս իր հարևան կնիկներից մեկի հետ. հետո — մենակ: Այդ առաջին քայլն է, որ տանում է նրան դեպի մոլորություն: Ամուսին այրը տան մարդ չէ, նա չի էլ կարող գիտենալ, թե կինը ինչպես