Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/350

Այս էջը հաստատված է

անցկացնում իր օրը։ Նա ամբողջապես խրված է իր բազարային գործերի մեջ, կնոջ վրա չէ մտածում։ Կինը դառնում է խորամանկ և խիստ վարպետությամբ տանում է իր գործը։ Նա գիտե մարդու որոշված ժամերը, երբ բազարից տուն է դառնում. և սկսում է կեղծավորել նրա առջև, խաբել նրան։ Իհարկե, կինը չէր ընկնի այդ փորձանքների մեջ, եթե նրա կյանքի պայմաններն ուրիշ տեսակ կարգադրված լինեին։ Նա մտավ ամուսնի տունը, որպես անմեղ և անարատ աղջիկ, բայց գտավ այնտեղ կատարյալ դատարկություն։ Նրան գործ չտվեցին, նրան չզբաղեցրին — աշխատությունը կարող էր փրկել նրան, բայց այդ չկար։ Անգործ և արձակ կյանքի մեջ աճեցին զգայական ախտեր։ Բայց կա ևս մի ուրիշ բան, որ դնում է կնոջը մոլորության ճանապարհի վրա։ Սարսափելի հետևանքներ ունեն կյանքի ահագին պետքերը, երբ նրանց բավականություն տալու միջոցները սուղ էին։ Կինն առաջին զոհն է դառնում աղքատության, որովհետև ավելի հակումն ունի դեպի պերճասիրություն և առհասարակ շռայլություն։ Գավառացի կինը բախտավոր է այդ դեպքում. այնտեղ կյանքի պահանջները թեթև են. բացի դրանից, դեռևս տիրող արևելյան փակ կյանքի շնորհիվ կինը կարողանում է իր աղքատությունը թաքցնել տան չորս պատերի մեջ, նրան չեն տեսնում։ Բայց այստեղ կյանքն ավելի արձակ է. կինը պետք է իրան ցույց տա աշխարհին, իսկ աշխարհը սիրում է նրան տեսնել միշտ զուգված, զարդարված։ Ես վկա եմ եղել մի քանի թշվառ դեպքերի Թիֆլիսում, թե որպես կինը սկզբում բոլորովին անարատ և մաքուր վարքով, հանգամանքներից ստիպված, ընկել է ապականության մեջ։ Նա ավելի բարեհաջող պայմաններում կարող էր պահպանել իր բարքի մաքրությունը։ Մի անգամ ընկավ նա, այլևս իրան պահել չէ կարող, գլորվում է դեպի ցած և ցած. կյանքը ետևից մղում է նրան դեպի ամոթալի կործանումը, մինչև բոլորովին խրում է ցեխի մեջ։ Նույն ցեխի մեջ և մեռնում է նա։

Անարդարություն կլիներ բոլորովին սև գծերով վերջացնել իմ նկարագիրը Թիֆլիսի միջին դասի կանանց մասին, ես պետք է ամբողջացնեմ իմ պատկերը, ձգելով նրա վրա մի քանի լուսավոր շուքեր։

Լինում են և բախտավոր ամուսնություններ։ Մանկահասակ կինն իր հերթում դառնում է մայր։ Եթե նրա առաջին ծնունդը աղջիկ էր, դա ավելի շուտով ներշնչում է նրա մեջ այն խելամտությունը,