Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/353

Այս էջը հաստատված է

ասում են. «տե՛ս, քո աշխարհն այս տունն է, իսկ քո սահմանը, այս տան չորս պատերն. դու այս տան լավ կարասիներից մեկն ես, նիստ, կեր, խմիր, բայց ոտքդ տնից դուրս չպիտի դնես»։ Այդ դրության մեջ կինը թեև բթամտանում է, անասնանում է, բայց դարձյալ մնում է կին իր նեղ նշանակությամբ։ Բայց Թիֆլիսում կյանքը և նրա պահանջները բավական փոխվել են, նա հեռացել է արևելքից, բայց դեռ չէ մոտեցել արևմուտքին։ Կինն այստեղ հագել է եվրոպացու հագուստը, բայց դեռ չէ ստացել նրա կրթությունը։ Ես շատ հեռու չեմ գնում, թե ինչ է կատարվում Եվրոպայում, բայց առանց անուններ հիշելու ցույց կտամ մի քանի եվրոպացի կնիկներ Թիֆլիսում, որոնք առաջ ծամագործներ (парикмахерша) էին, քաղցրավենիք շինողներ էին, և մեկը մի հայ ընտանիքի դաստիարակուհի էր, իսկ այժմ հարստացել են, առևտրական մեծ տներ են բաց արել, գործարաններ ունեն։

Իմ հետազոտությունը վերջացնում եմ Թիֆլիսի և գավառական միջին դասի կանանց վերաբերյալ, մնում է մի քանի խոսք ավելացնել նրանց ծերության մասին։ Որպես առհասարակ կնոջ վիճակը, այնպես էլ պառավների դրությունը համեմատաբար շատ տարբեր են գավառներում և Թիֆլիսում։ Գավառներում, երբ կինը ծերանում է, որպես մի պատկառելի հնություն, ավելի հարգանքով են վարվում նրա հետ, մանավանդ, երբ նա երախտիք ուներ ընտանիքի վրա։ Որդիքը աշխատում են չվիրավորել նրան, մանկահասակ հարսները խոնարհվում են նրա առջև։ Գերդաստանի բոլոր անդամները ցանկանում են, որ նա օրհնությունը բերանումը մեռնի. նրա անեծքից վախենում են։ Այդ հասակում պառավից գործ չեն պահանջում, այլ թույլ են տալիս առավոտ և երեկո եկեղեցի գնալ, իր հոգու և իր որդիների համար աղոթելու։ Նրան չեն զրկում մասնավոր ծախսերից, որ պատկերների համար մոմ գներ և քահանայի սիրտը շահեր։ (Առհասարակ մեր կանայքը սկսում են եկեղեցի հաճախել, երբ մոտենում են գերեզմանին. մանկահասակ կնիկներից չէ պահանջվում ջերմեռանդ լինել, ժամ գնալ, աղոթել)։ Թիֆլիսում, ընդհակառակն, կինը խիստ թշվառ ծերություն է ունենում։ Որդիքը վարվում են նրա հետ անգութ կերպով, իսկ հարսները ծեծում են։ Ես տեսել եմ մի քանի օրինակներ, որ որդիները պառավ մորը տնից արտաքսել են առանց պատառ հացի։ Մայրը ստիպվել է դիմել դատաստանի և որդիներից ապրուստ պահանջել, որ քաղցած չմեռնի։ Պետք է բավական բարեխիղճ համարել այն որդուն, որ հոժարել էր հանձնել պառավ մորը մի աղքատ ընտանիքում ամսական 15