Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/366

Այս էջը հաստատված է

հոգնեցնում են նրան։ Այլևս ի՞նչ անե. ամեն բան փորձել, ամեն բան մաշել է նա։ Վերջին տարիներում սովորության մեջ մտավ արտասահմանը. կնիկները սկսեցին ձգել ամուսիններին և հեռու օտարության մեջ թաքցնել իրանց ամոթը։ Այս բոլորի մեջ ես մեղադրում եմ տղամարդին, նա ինքն է առիթ տալիս նրան վատ լինելու։

Պատահում են բախտավոր ամուսնություններ։ Տղամարդը զբաղվում է իր գործերով, աշխատում է ընդարձակել իր ասպարեզը։ Կինը կառավարում է տունը և նրանից դարձնում է մի փոքրիկ դրախտ։ Երկուսն էլ օգնում են միմյանց. մեկը, որպես դրսի մարդ, մյուսը, որպես ներսի մարդ։ Կյանքը սահում է իր խաղաղ ընթացքով և լի ամեն վայելչություններով։ Զավակները թռվռում են ծնողների բոլորտիքը մաքուր, առողջ, որպես հրեշտակներ։ Ամեն ինչ դրվում է կարգի և օրինակության ներքո։ Ամուսնական ներդաշնակությունը լինում է հիմքն ընտանիքի բարօրության, իսկ բարոյականությունը — նրա մեջ տիրող ոգին։

Մինչև այստեղ ինչ որ խոսեցի Թիֆլիսի հարուստ կամ բարձր անվանված դասի մասին, վերաբերում էր խոշոր վաճառականներին, նշանավոր կապալառուներին, բանկիրներին, կալվածատերերին, բախտախնդիր սպեկուլյատորներին, և առհասարակ այն հասարակությանը, որ մեծ կարողության հետ ունի և մեծամեծ մոլություններ։ Մնում է մի քանի խոսք ասել աստիճանավորների կնիկների մասին։ Այստեղ ընտանեկան կյանքը գտնվում է իր այլափոխության տագնապի մեջ. դեռևս անձև և անկերպարան է նա։ Ոչինչ այնքան անշնորհք և անարգ չէ լինում, որպես մի կացություն, որ ոչ այս է և ոչ այն։ Օտարացումը գտնվում է իր տգետ այլանդակության մեջ։ Ընտանիքը խլվելով մայրենի բնական հողից, դեռևս հաստատ հիմք չէ ձգել օտար հողի վրա։ Նա տատանվում է որպես մի ծառ, որ արմատ չունի։ Դրանից հետևում է նրա գոսացումը։ Եթե ավելացնենք և «չինովնիկության» ոգին, որ մտնում է ընտանիքի մեջ, շատ հասկանալի կլինի նրա դրությունը։ Այդ հասարակության մեջ չքավորությունը կապված է լինում մեծ ծախսերի և շռայլության հետ, որոնք պատճառ են տալիս անբարոյական ձեռնարկությունների նրանց լցուցանելու համար։ Արդարև, այստեղ տղամարդը դեռևս բոլորովին չի կորցրել իր ասիական կատաղի խանդը, որ հոժարվեր կնոջը բարեկամացնել իր մեծավորի հետ, իր ասպարեզը լայնացնելու համար. բայց ուրիշ ցածությունների դեմ նա անզոր է։ Այստեղ նույնպես կնոջ բարքերի աստիճանը