Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/367

Այս էջը հաստատված է

վերաբերական է. կան մաքուրներ և կան անմաքուրներ։ Աղջկան փոքր հասակից կրթում են, տաշում են, կոկում են, աշխատելով տալ նրան այն փայլը ավելի «бонтон» լինելու համար։ Նա դառնում է մի «մոդնի կուկլա» որն ոչ սիրտ ունի և ոչ միտք։ Գիտե, արդարև, վարվել, գիտե ծեքծեքվել, գիտե կաչաղակի նման շատախոսել, բայց չգիտե մտածել։ Նրա ամբողջ գոյության մեջ տիրում է դատարկություն։ Ծնողներն իրանք են տնօրինում նրա ամուսնական բախտը։ Կին լինելուց հետո, ամուսնից շուտով ձանձրանում է, որովհետև նրա սիրտը չէ սովորել երկար սիրել մեկին։ Եվ առաջ է գալիս մի ծիծաղելի վեպ։

Այսուամենայնիվ, այս հասարակության մեջ կան ծնողներ, որոնք դեռ պահպանել են իրանց հայկական խելքը և սովորությունները, և որոնք խնայողությամբ շինել են լավ կարողություն, և սնուցանում են լավ աղջիկներ։ Այս կարգի մարդկանց վերաբերում են գավառներից Թիֆլիս տեղափոխված և դեռ չփչացած ընտանիքները, և մասամբ տոհմային ազնվականները։ Դրանք ապրում են այն աստիճան պարզ, համեստ, հասարակ, և միևնույն ժամանակ վայելուչ կյանքով, որը չեք տեսնի նոր հարստացած վաճառականների մեջ։ Վերջիններն իրանց հարստության հետ ունեն մի տեսակ ցուցամոլություն, որով աշխատում են միշտ աչքի ընկնել։ Նորելուկներն առհասարակ քիթը բարձր են պահում։ Բայց հին և հիմնավոր ընտանիքների մեջ, որոնց սովորաբար կոչում են «օջախի որդիք», օրինավորությունը, պատշաճավորությունն ավանդվել է սերունդից սերունդ տոհմային գերազանցության հետ։ Աղջկա ուսումն այստեղ նույնպես ստացվում է միևնույն աղբյուրներից, ուր սովորում են հարուստ վաճառականների աղջիկները։ Բայց որովհետև աղջիկն ընտանիքի մեջ սկզբից փչացած չէ, դպրոցն իր ավերիչ ներգործությամբ շատ չէ ազդում նրա վրա։ Ավարտելուց հետո դպրոցի թերությունները լրացնում են տանը, հրավիրելով տնային վարժապետ մայրենի լեզվի համար, այլև օտարերկրյա լեզուների համար, որպես են ֆրանսերենը և գերմաներենը, հրավիրում են և մուզիկայի վարժապետ։ Այս տեսակ կրթություն ստացած աղջիկը, թեև այնքան ինքնակամ չէ լինում, որ իր համար փեսա ընտրեր, և պսակվում է ծնողների համաձայնությամբ, բայց միշտ լավ կին է լինում։ Նրանք երբեմն մարդի են գնում առանց օժիտի, եթե ծնողները հարուստ չէին։ Դա մի շատ ուրախալի երևույթ է, որ աղջկա անձնական արժանավորությունը գնահատվում է։ Նրանց վրա պսակվում են այնպիսի ուսումնական