Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/37

Այս էջը հաստատված է

Եթե հայը Կովկասում ևս կկամեր տեղի տալ օտարազգիներին յուր վաճառականության ասպարեզը, թող նա դաս առնե այն հանգամանքներից, ինչ որ պատահեցան նորա ազգայիններին Ասիայում:

Մենք պատմական կերպով ցույց տվեցիմք բոլոր պակասությունները, որք առիթ տվեցին հայերի հաղթվելուն։ Թող Կովկասի հայերը լրացնեն այդ թերությունները։

Մենք կպարզեմք փոքր ի շատե մեր միտքը։

Մի հաստափոր Ճանճուր Իվանիչի մոտ աշակերտ դառնալով, նորա խանութը սրբելով, տանը միս, ձուկ և գինի տանելով, տանիցը ճաշ բերելով, և մի քանի տարի այս ծառայական գործերի մեջ պարապվելով, հետո նույն խանութի պրիկաշչիկ դառնալով, և մի փոքր գումար կազմելեն հետո, յուր համար առանձին դուքան բաց անելով, առ և տուր սկսել,— դա չէ նշանակում գիտնական վաճառական դառնալ։ Թեև մեր Կովկասի վաճառականների գործունեությունքը սկսվում են ըստ մեծի մասին այդպիսի միջոցներով։

Վաճառականությունը ինքնըստինքյան մի արհեստ է։ Նորան պետք է գիտնական կերպով ուսումնասիրել և փորձով իրագործել: Մի այդպիսի վաճառականությունը սովորելու համար ճանճուր Իվանիչի խանութը չէ կարող վարժարան լինել։ Նորան պետք է ուսանել Անդղիայի, Գաղղիայի կամ Գերմանիայի վաճառականական ուսումնարաններում։

Իհարկե, այդ հնարը մատչելի չէ կարող լինել մեր ժողովրդի չքավոր դասին։ Նոցա որդիքը, եթե միտք ունին առևտրական դառնալ, դարձյալ ստիպված են Ճանճուր Իվանիչի խանութում աշակերտել։

Իսկ այդ ճանճուր Իվանիչները — փոխանակ յուրյանը որդիքը Ռուսաստանի մայրաքաղաքները ուղարկելու, որ այս կամ այն գիտությունը սովորեին, միմիայն չինովնիկ դառնալու նպատակավ (որոց մեծ մասը այս նպատակին չհասնելեն հետո, հոր հարստությանց ցեց են դառնում), թող նոքա մտածեն այդ մասին յուրյանց որդիք գիտնական, եվրոպական կրթությամբ, վաճառականներ անելու։

Միայն ռուսերեն լեզու գիտենալով և վրացերեն լեզվով յուր դավթարները խժբշտելով, չէ կարելի եվրոպական վաճառական դառնալ և եվրոպացվոց հետ մրցություն անել։ Դորա համար անհրաժեշտ պետք է սովորել եվրոպական լեզուներ, գաղղիերեն,