Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/374

Այս էջը հաստատված է

մեջ։ Բայց քանի որ մենք կնոջ կրթությունը սկսում ենք նրանից, որ պատրաստում ենք նրան հանդես դուրս բերել, ցույց տալ աշխարհին որպես մի գեղեցիկ բան, միշտ սխալանքի մեջ կընկնենք։ Կնոջ գործակցությունն իր տղամարդի հետ այն աստիճան կտրված է լինում, որ եթե ամուսին այրը հանկարծ մեռնում է, նրա որդիքը մնում են առանց մի պատառ հացի։ Ահագին հարստությունը, երբ հուսալի ձեռքերում չէր գտնվում, մի քանի տարվա մեջ ոչնչանում է, կողոպտվում է։ Կինը, որովհետև անտեղյակ է լինում ամուսնի գործերին, տգետ և անփորձ է լինում, այս պատճառով չէ կարողանում պահպանել նրա թողած ժառանգությունը։ Այսպիսի օրինակներ շատ են եղել. բայց դեռևս չէ տեսնվել մի օրինակ, որ ամուսնի մեռնելուց հետո կինը շարունակեր նրա գործը, մահվան հետ և նրա ֆիրման ծածկվում է։ Գյուղացի կինն այդ դեպքում ավելի բարձր է. մարդու մեռնելուց հետո նա շարունակում է երկրագործությունը և կերակրում է նրա թողած որբերին, որովհետև նա նույն գործին սկզբից ծանոթ էր, նրա մեջ աշխատել էր։

Մնում է ավելացնել մի քանի խոսք գավառական կնոջ մտավոր զարգացման մասին։ Մի՛ մոռացեք, որ խոսքս բարձր դասի մասին է։ Փակ կյաքի մեջ, ընտանեկան նեղ շրջանում նրա աշխարհայեցողությունը մնացել է չափազանց սահմանափակ։ Տղամարդը մի կողմից իրավունք ունի, որ նրան ոչ ոքի ցույց չէ տալիս, իրան չխայտառակելու համար։ Ես առիթ եմ ունեցել ծանոթանալ մի քանի գավառացի կնիկների հետ. ահա այն տպավորությունները, որ երբեք մոռանալ չեմ կարող։ Մտնում ես, դիցուք թե, մի հարուստ վաճառականի տունը, աղան տանը չէ, քեզ ընդունում է կինը, երբ իմանում է, որ գործով ես եկել, և մանավանդ շատ անգամ քեզ տեսել էր իրանց տանը, փոքր-ինչ ընտելացել էր, ընտելացել էիր և դու։ Քեզ հրավիրում են հյուրանոցը. դու նստում ես առանց տանտիկնոջ կողմից քեզ տեղ ցույց տալու, իսկ նա ոտքի վրա կանգնած է մնում։ Պետք է դու մի քանի անգամ ասես, խնդրես նրան, որ նստե։ Նա որոշում է միշտ քեզանից ցած նստել և հեռու։ Եթե դու չխոսես, նա ամբողջ ժամերով, լուռ կնստի։ Ստիպված ես զբաղեցնել տիկնոջը։ Անկարելի է նրա հետ որևիցե խոսակցություն շարունակել, պետք է անդադար մի առարկայից թռչիլ դեպի մյուսը։ Այսպիսով խոսակցությունը կընդունե հարց-պատասխանի ձև։ Դու նրան միայն հարցեր կառաջարկես, նա կտա երկու բառով մի պատասխան և կլռե։ Խոսել նա չգիտե, բառերը միշտ պակասում են նրա մոտ այն ժամանակ, երբ խոսում