Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/375

Այս էջը հաստատված է

էր իրան ծանոթ ամենահասարակ մի առարկայի վրա։ Նրա լեզվի բառարանն այնքան աղքատ է, որպես այդ լինում է երեխաների կամ վայրենիների մոտ։ Երբ դու խոսում ես, նա միշտ ցած է նայում. նա իր երեսը չէ բարձրացնում և ինքը խոսելիս։ Միշտ մատներով անգիտակցաբար խաղում է զգեստի որևիցե մասնի հետ։ Երբ պատահմամբ նրա աչքերը հանդիպում են քո աչքերին, իսկույն թշերի վրա հայտնվում է վարդագույն ներկ։ Փորձում ես պատմել նրան ծիծաղելի անեկդոտներ, նա երբեմն ժպտում է, բայց չէ ծիծաղում։ Ոչինչ բանով նրան հետաքրքրել չես կարող։ Երբ նա մենակ է քեզ հետ, կարծես, նեղվում է, և միշտ առիթ է որոնում դուրս փախչելու։ Մի երրորդ անձն, թող թե նա փոքրիկ երեխա լիներ, որպես պաշտպան, կարող էր հանգստացնել նրան։ Դեպքեր շատ են եղել, որ մի պատվավոր կին զոհ է գնացել իր ամոթխածությանը։ Նա այնքան համարձակություն չէ ունեցել ընդդիմադրելու մի լրբի դոնժուանությանը։ Դժվար կարելի է գտնել մի կին, որ իր զգացմունքը, թե՛ սերը, թե՛ տխրությունը և թե բարկությունը կարողանար արտահայտել լեզվով։ Այսպիսի դեպքերում նա միայն գործ է ածում միավանկ ձայնարկություններ։ (Դա անասունների զգացմունք արտահայտելու ձևն է)։ Եվ կամ լուռ արտասուքը լինում է նրա սրտի թարգմանը։ Բայց արտասուքը բազմիմաստ նշանակություն ունի։ Գավառացի կինը, որպես չէ նշանավորվում իր մտքի և խելքի առաձգականությամբ, այնպես էլ նա զուրկ է մարմնի դյուրաթեքությամբ, անդամների համարձակությամբ։ Նա շարժվում է ամբողջ մարմնով, ինչպես մի արձան։ Եվ արձանի նման սառն ու անարյուն է նա։

Գավառներում չեք տեսնի, որ կինը տղամարդի մոտ երգեր կամ նրա հետ պար բռներ։ «Յալլիի» սովորությունը պահվել է մի քանի տեղերում միայն, առավելապես գյուղերում։ Իսկ այն գավառական քաղաքներում, որպես են Նուխին, Բաքուն և Շամախին, ուր հայ կինը դեռ թուրք կնոջ հագուստ ունի, նա սեփականացրել է իրան բոլոր հարեմական սովորությունները։ Կնիկները, որ պար են գալիս միայն հարսանիքների մեջ, առանձին հավաքվում են մի սենյակում, լուսամուտների վարագույրները իջեցնում են, իրանց մոտ են կանչում «սազանդարներին», ածել են տալիս, և պար են գալիս։ Ոչ մի տղամարդի աչք նրանց վրա նայել չէ կարող։ Իսկ հին ժամանակներում, որպես պատմում են, ածողներին ևս իրանց մոտ չէին թողնում, որովհետև տղամարդիկ էին, այլ նրանց կանգնեցնում էին դահլիճի մի առանձին մասնում, որ բաժանված էր պարահանդեսի