Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/382

Այս էջը հաստատված է

սրսկում են ամբողջ տունը։ Նրա վզից քաշ են տալիս մի փոքրիկ խաչ, իսկ գդակի վրա շատ անգամ կարելի է տեսնել կարած արծաթյա մահիկ (կիսալուսին), որ ազատ էր պահում նրա անձը չար աչքից և չար ոգիներից։ Հուլունքներով զարդարած բազբանդները (բազկակապ), որ կապում են տղայի թևքերի վրա, նույնպես կախարդական նշանակություն ունեն։ Գինտերը տղա մանուկների համար միևնույն զարդն են համարվում, որպես աղջիկների համար։ Բայց գնտեր արևելքում կրում են կնիկները և ստրուկները միայն, — երկու արարածներ, որոնց վիճակը շատ չէ տարբերվում միմյանցից... Երեխան փոքր հասակից սկսում է տեսնել նյութական և շոշափելի առարկաների մեջ աներևույթ զորության ներկայությունը, մինչև արծաթյա մահիկից նա հասնում է ամենաբարձրյալի գաղափարին։ Նրա կյանքի մեջ կատարվում է այն, ինչ որ կատարվում է ամբողջ մարդկության կյանքի մեջ — տղայության պերիոդի նյութապաշտությունից անցնել զարգացած պերիոդի ոգեպաշտությանը։

Երբ մանուկը դառնում է 3-4 տարեկան, երբ սկսում է խոսել, մտածել, վազվզել և փոքրիկ չարություններ գործել, այն ժամանակից սկսվում է նրա ընտանեկան դաստիարակությունը։ Երկու գլխավոր ուժեր ներգործում են մանուկին չափի և պատշաճի մեջ պահելու համար, մեկը` ֆիզիքական կոպիտ ուժը` ծեծը, իսկ մյուսը` բարոյական ուժը, որ արտահայտվում է երկյուղի և խոստման մեջ։ Պատիժ և խոստում — ահա՛ երկու գործիչներ, որ իշխում են մարդու բարոյականության վրա, սկսյալ երեխայությունից մինչև նրա մահը։ Ծեծել, պատժել երեխային, որ չարություն չգործե, կամ խոստանալ նրան զանազան հրապուրիչ բաներ, որ իրան կարգին պահե — դրանք գլխավոր միջոցներ են հոգատար ծնողների կողմից երեխային խրատելու համար։ Բայց միևնույն միջոցները գործ են դրվում և ոգիների անուններով։ Երկյուղ տալ երեխային դևի, չար սատանայի, ալքերի, խլվլիկի, մարդագայլի, դերվիշի և այլ սարսափելի անուններով, և միևնույն ժամանակ հրապուրել նրան աստուծո, հրեշտակների և սրբերի խոստումներով — այդ բոլորն ավելի նուրբ միջոցներ են երեխային կրթելու համար։ Այս տպավորությունները մնում են մանուկի մեջ մինչև նա իր հասակը առնում է, ծերանում է, և նրա հետ գերեզման են մտնում։ Երեխան սովորում է վատ բան չգործել, ոչ թե նրա համար, որ վատը վատ է, այլ նրա համար, որ ծնողները կպատժեն նրան` կամ ծեծելով, և կամ զրկելով մի լավ բանից։ Նրա ամբողջ կյանքում այդ մտքերն իշխում են նրա վրա։ Նա սովորում է չար բան չգործել, ոչ թե նրա համար,