Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/384

Այս էջը հաստատված է

իսկույն ռևմատիզմ ստանալ։ Ավելացրեք դրանց վրա վատ կերակրելը. սովորություն չէ երեխային սեղան նստեցնել։ Նա ուտում է ոտքի վրա ինչ որ ձեռքն ընկնում է։ Ավելացրեք վատ հագուստը, տարվա բոլոր եղանակներում կարելի է տեսնել նրան միևնույն հագուստով, որ հազիվ ծածկում է մարմինը։ Այդ լինում է ոչ թե աղքատների մեջ միայն, այլ հարուստներն անգամ խիստ փոքր հոգ են տանում որդիներին լավ կերակրելու և եղանակների համեմատ հագցնելու մասին։ Իսկ ինչ վերաբերում է կեղտոտության, այդ արդեն չափն անցնում է։ Դրա մեջ մեղավոր են գլխավորապես մայրերը, որ իրանք էլ, քիչ է պատահում, որ ամեն առավոտ իրանց ձեռները և երեսները լվանային։ Բայց երեխան ամբողջ օրը նրանց աչքի առջև թավալվում է ցեխերի մեջ, «վնաս չունի, թող ջանը պնդանա», ասում են, և ուշադրություն չեն դարձնում։ Բայց կա և մի գլխավոր պատճառ, որ ավելի մեծ դեր է խաղում գյուղական երեխաների մահացության մեջ։ Մեզանում ոչ մի գյուղ չեք գտնի, որ բժիշկ ունենար։ Վիճակային բժիշկներն այցելություն են գործում մի գյուղ այն ժամանակ միայն, երբ պատահել էր մի սպանություն և պետք էր պաշտոնական քննություն անել։ Նրանք հիվանդների հետ գործ չունեն։ Պատահում է, որ գյուղացու երեխան հիվանդանում է. ծնողները նրա վրա ուշադրություն չեն դարձնում, և անմիջական օգնության չեն դիմում, քանի որ նա ոտքի վրա էր, բայց երբ ուժերը թուլացան, երբ պառկեց, այն ժամանակ միայն համարում են նրան հիվանդ։ Սովորական միջոցները, որ գործ են դնում բժշկության մեջ, են ֆալչիների և գրբացների կախարդությունները, կամ մի քանի տնային դարմաններ, որ անխտիր ամեն հիվանդության համար բանեցնում են. այժմ հիվանդի բախտիցն էր կախված, թե որքան գործ դրած հնարները կօգնեին նրան։ Ահա այսպիսի փորձությունների միջից է անցնում գյուղացի մանուկը. բայց երբ մի անգամ ազատվեցավ նա, երբ տարիքը առեց, այնուհետև նրա կազմվածքը կարողանում է պատերազմել սարսափելի խստությունների դեմ։

Ընտանիքի ճնշումն ամենափոքր հասակից պատրաստում է մանուկին լինել ճկուն, ծալվող և համբերող։ Ամոթխածությունը, միամտությունը և մինչև խուլումունջության հասցրած լռությունը համարվում են նրա մեջ պարկեշտության նշաններ։ Նա դառնում է դանդաղկոտ, աշխույժը և եռանդը խեղդվում են նրա մեջ, և դեռ չմանկացած, ծերանում է նա։ Չեք տեսնի գյուղացի մանուկի մեջ այն մշտազվարճ կենդանությունն, այն ուրախ, մշտածիծաղ դեմքը,