Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/389

Այս էջը հաստատված է

Գյուղերում շատ անգամ կարելի է տեսնել աշղին, ամառային լուսնկա գիշերների պահուն, հրապարակի վրա, արձակ, աստղալից երկնքի տակ, սազը ձեռին, խորին ոգևորության մեջ երգում է, ածում է և պատմում է մի վեպ լի հերոսական և սիրահարական արկածներով։ Գյուղացիները նրա շուրջը հավաքված, նստել են մերկ գետնի վրա և ուշադրությամբ լսում են սիրելի երգչին։

Գյուղական կյանքում շատ բաներ նպաստում են մանուկներին, որ նրանք չլինեին անզգա, անսիրտ, դարտակ և զուրկ մարդկային ազնիվ կրքերից։ Ամեն գյուղերում գտնվում են մի տեսակ տեղեր, որ ուրիշ խոսքով կարելի է կոչել գյուղական կլուբներ, իսկ գյուղացիներն անվանում են օդա[1]։ Օդան ախոռատան մի բաժանված մասն է, որ ունի իր մեջ վառարան, հատակը ծածկված է հարդով, որի վրա սփռված են հասիրներ (փսիաթ) և որը ձմեռը խիստ տաք է լինում անասունների շնչառությունից և խիստ հարմար ժողովարան է գյուղացիների համար։ Ամենամաքուր օդա ունենում են գյուղի տանուտերը կամ փոքր ի շատե կարողություն ունեցող գյուղացիները։ Բայց գլխավոր կենտրոն լինում է տանուտերի օդան. այստեղ հավաքվում են գյուղացիները և անց են կացնում ձմեռվա երկար գիշերները։ Այստեղ լինում են ամեն տեսակ խոսակցություններ, դատում են իրանց հասարակական գործերի վրա, պատմում են իրանց կյանքում պատահած զանազան արկածներ, կատակներ և սրախոսություններ են անում, առակներ և առածներ են ասում, և երբեմն գյուղական տերտերը կամ տիրացուն իրանց խելքին զոռ են տալիս և սկսում են խոսել սրբերի, հրեշտակների, սատանաների, դժոխքի, արքայության վերջին դատաստանի մասին այնպիսի առասպելական ավանդություններ, որ ոչ մեկ գրքի մեջ չեք գտնի։ Մանուկ սերունդը, թեև չէ մասնակցում ծերունիների զրույցներին, բայց հավաքված նրանց շուրջը, լսում է նրանց իմաստալից խոսակցությունները։

Օդաներն ավելի կյանք են ստանում, երբ այնտեղ հայտնվում են աշղները։ Այդ կույր Հոմերոսները, որ մի ժամանակ իրանց երգերով զմայլեցնում էին մեր թագավորների և նախարարների պալատները, այժմ զվարճացնում են գյուղացու ձմեռային օդան։ Աշուղը գիտե հարյուրավոր բերանացի վեպեր, որոնք դեռ ոչ թղթի վրա են գրվել և ոչ տպագրության մամուլի տակ են ճնշվել։ Նրա վեպերը երգախառն են լինում, և որպես արևելյան բորբոքված

  1. 1 Օդա` ռամկորեն օթաղ կամ գրոց օթյակ բառերի նշանակությունն ունի: