Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/39

Այս էջը հաստատված է

ԷԴ ԷԼ ՔԵԶ ԿՐԻՏԻԿԱ

«Արարատ» ամսագրի անցյալ տարվա ժա. և ժբ. - երորդ համարներում կարդացի, «Թե ո՞ւր են Ավարայր և Տղմուտ» վերնագրով պ. Գալուստ Շերմազանյանի մի երկար և ձիգ քննադատությունը պարոն Րաֆֆիի Պարսկաստանի ուղևորության երկրորդ նամակումը հայտնած մի կարծիքի դեմ, որով պարոն ճանապարհորդը հիշում է մի քանի ժողովրդական ավանդություններ Վարդանի, նորա պատերազմի և Ավարայրի դաշտի մասին։

Պարոն կրիտիիկոսը յուր միտքը հաստատելու համար, անխտիր կերպով յուր քննադատության մեջն է կոխում բոլոր ուսած և սերտած խոսքերը Խորենացիեն, Ղազար Փարպեցուց, Ինճիճյանից, Եղիշեից, Այսմավուրքից, Չամչյանից և այլ պատմագրություններից։

Հիշյալ պատմագրություններից բերած վկայությունները այնքան խառնիխուռն և միմյանց հակասական են, որքան չէ վերաբերում և ոչինչ կապ չունի նորա քննադատության հետ պարոն կրիտիկոսի կյանքի ամբողջ պատմությունը, այսինքն 1865 թվի Թիֆլսի անկարգությունը, Մագվա Ալիխանի որդվո հարսանիքը, յուր որսորդությունը խանի որդվո հետ, Զավոյի և Գասպարի վիրավորվիլը, պար եկող Մութրուֆի սպանվիլը, Սեմեոն վարդապետի հեքիաթները, Ռուսաց և Պարսից պատերազմը... և այլն, և այլն... պարոնը դեռևս շատ բաներ է ունեցել գրելու, ափսոս, որ շատն մոռացած է եղել...

Իսկ մեք կբավականամք այնքանով միայն, որքան պարոն կրիտիկոսը կարողացել է գրել, թեև նորա գրվածքի խաոսի մեջ ոչ միայն շփոթվիլ կարող է ամեն մի ընթերցողը, առանց մի որոշակի գաղափարի ամբողջություն դուրս բերելու նորա խոսքերեն, այլ շփոթվում է ինքը գրողը, երբ նկատում ենք, որ նա շատ տեղերում ինքն հակառակում է յուրյան, որը կաշխատենք ցուցանել մեր ընթերցողներին։

Միայն պետք է խոստովանած, թե մեք շատ հեռու ենք այն նպատակից, որ աշխատենք ապացուցանել, թե որքան ուղիղ, կամ սխալ է պարոն Րաֆֆին յուր կարծիքի մեջ, Ավարայրի դաշտի Խոյ քաղաքի, այսինքն` Դուզլաղի մոտ լինելու մասին։ Որովհետև ինքը ճանապարհորդը վճռողականապես չէ հիմնվում յուր կարծիքի վերա, այլ նա հայտնում է մի քանի կենդանի ավանդություններ, ասելով. «Ես նայեցա», խիստ հավանական է մտածել, թե