Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/392

Այս էջը հաստատված է

հաշվել, կրոն և այլն, որոնց մեջ մեծ պետք չունի գյուղացու զավակը։ Այբուբենը սոված փորին հաց չէ տալիս։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ իմ խոսքը կանոնավոր գյուղատնտեսական դպրոցների մասին չէ, որ շատ ցանկալի էր, եթե մի խումբ գյուղերի կենտրոնում գոնե մի հատ գտնվեր, ես խոսում եմ գյուղատնտեսական բոլորովին մասնավոր և տարրական հմտությունների մասին, որ ամենահասարակ վարժապետը կարող էր քաղել զանազան գրքերից և հաղորդեր իր աշակերտներին։ Գուցե ինձ կնկատեն, թե մենք այսպիսի վարժապետներ չունենք։ Մենք իսկապես ոչ մի առարկայի համար պատրաստված գյուղական վարժապետներ չունենք, նրանք իրանք իրանց պատրաստում են, իսկ եթե կպահանջվի նրանցից կարող են սովորել և շատ բան գյուղատնտեսության մասին։ Այն ևս պետք է ի նկատի ունենալ, որ մեր գյուղերում վճարում են վարժապետին ավելի շատ, քան թե մի վարժապետ ստանում է, օրինակ, Գերմանիայի մի գյուղում։ Ուրեմն կարելի է լավ ընտրություն անել ուսուցիչների մեջ։

Այլ է, եթե գյուղական դպրոցներն այն աստիճան զարգացնեին մանուկներին, որ նրանք ավարտելուց հետո կարողանային ամեն գրքեր կարդալ, հասկանալ. կարողանային ինքնակրթությամբ իրանց տնտեսության վերաբերությամբ հմտություններ ստանալ։ Այդ անել անկարող են նրանք, որովհետև դպրոցներից խիստ փոքր գիտություն են դուրս բերում։ Բայց այդ փոքր գիտությունն ավելի խանգարում է նրանց օրինավոր գյուղացիներ լինել, քան թե նպաստում է։ Կիսակատար և թերի կրթությունը միշտ հպարտացնում է ուսանողներին։ Մանուկները մի բան սովորելով, լավ ևս է ասել` ոչինչ չսովորելով, սկսում են այնուհետև արհամարհանքով նայել իրանց ծնողների պարապմունքի վրա. նրանք դառնում են մի տեսակ թշվառ արարածներ, որ կորցնում են իրանց հակումը դեպի ծնողների ապրուստի ավանդական եղանակը, և մի նոր ձև, մի նոր եղանակ էլ չեն սովորում, և այսպիսով մնում են «ավարա»` այսինքն` մոլորված — ոչ այս և ոչ այն։ Գյուղը սկսում է անտանելի լինել նրանց, և միակ ելքը, որ գտնում են իրանց դժվար դրությունից դուրս գալու համար, այն է, որ դիմում են դեպի օտար երկրներ նոր ապրուստ գտնելու։ Ահա ինչով է բացատրվում գյուղացի մանուկների սաստիկ գաղթականությունը դեպի քաղաքները։ Այս դեպքում մեծ ազդեցություն է գործում օրինակը։ Այս ինչ գյուղացու որդին, ուսում ստանալով, դարձավ աստիճանավոր, բժիշկ, վարժապետ, բարձրաստիճան եկեղեցական, կամ հարուստ վաճառական —