Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/397

Այս էջը հաստատված է

Պատահում է ավելի զգայուն բնավորություն, որ իսկապես սիրում է, սիրում է մի աղջկա, որին տեսել էր, որի հետ գուցե ունեցել էր մի քանի գաղտնի խոսակցություններ։ Բայց որդիների սերը երբեք չէ մտնում ամուսնական հաշիվների մեջ, որոնք միանգամայն կախված են ծնողների կամքից։ Որպես որդին չէ կարող ուտել այն կերակուրը, որից ինքը ախորժում է, այլ պետք է ուտե այն, որ մայրը նրա համար պատրաստում է, որպես որդին չէ կարող հագնել այն հագուստը, որ ինքը ցանկանում է, այլ պետք է հագնե այն, որ հայրը նրա համար գնում է — այնպես էլ պատանին չէ կարող կին ունենալ այն աղջկան, որին ինքը սիրում է, այլ նրան, որին ծնողներն ընտրում են։ Այս պարագաներիս մեջ խիստ հատկանիշ է այն պսակը, որ տեղի էր ունեցել մի գյուղում. քահանան հարցնում է պատանուց, ցույց տալով նորահարսի վրա, թե «տե՞ր ես, սիրո՞ւմ ես»։ «Հայրս գիտե, տերտեր, նրանից հարցրու», — պատասխանում է պատանին։

Առհասարակ սերը գյուղացի պատանիների և աղջիկների մեջ լոկ բանաստեղծական ֆանտազիա է, որ վերջին տարիներում նյութ դարձավ մի քանի անշնորհք և անհամ վեպիկների, բայց կյանքի մեջ նա չկա։ Վեր առեք մեր բոլոր ժողովրդական երգերը և աշղների վեպերը, նրանց մեջ չեք գտնի իսկական սեր իր հոգեբանական ճշգրիտ կողմերով։ Բանաստեղծը խորին հիացմունքով գովում է կնոջ թուխ մազերը, կարմիր թշերը, սևորակ աչքերը, չինարի պես ձգված հասակը, մարգարտի նման ճերմակ ատամները, և այլն, մի խոսքով, նա հափշտակված է կնոջ արտաքին գեղեցկություններով միայն, բայց նրա հոգու և սրտի մեջ ոչինչ չէ տեսնում, նրա բնավորության, բարքի և վարքի մեջ ոչինչ գրավիչ բան չէ նկատում։ Դա շատ բնական է։ Ի՞նչպես կարող էր սիրողը թափանցել կնոջ սրտի և հոգու մեջ, երբ նրա հետ հարաբերություն չէր ունեցել, նրա բերնից մի բառ անգամ չէր լսել։ Իսկ հարաբերությունները մեր գյուղերում տղաների և աղջիկների մեջ միանգամայն կտրված են։ Տղային գրավում է աղջկա արտաքին ֆիգուրան միայն, երբ հեռվից հեռու տեսնում է նրան, ինչպես շատ մարդ կարող է հափշտակվել մի գեղեցիկ արձանի արտաքին կերպարանքով, բայց հոգին և սիրտը քննել չէ կարող, որովհետև նա սիրտ չունի, որովհետև նրա լեզուն չէ խոսում։ Բայց հոգու արտահայտություններն արտաքին կերպարանքի վրա տեսնելու համար պետք է ունենալ բավական կրթված ճաշակ և նուրբ դիտողություն, որոնցից զուրկ է գյուղացին։