Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/398

Այս էջը հաստատված է

Տարվա երեք եղանակներում — գարունը, ամառը և աշունը — գյուղացին այնքան զբաղված է իր մշակություններով, որ ամենևին ժամանակ չունի իր սրտի հետ խոսելու. այն ժամանակ գործում են նրա ֆիզիքական ուժերը միայն, իսկ հոգին մնում է անգործ։ Բայց ձմեռը մի փոքր հանգստանում է նա, և դատարկության մեջ զարթնում են զգայական կրքերը։ Ձմեռը կատարվում են գյուղական հարսանիքները, որ մոտեցնում են տղամարդերին կնիկների հետ։ Գյուղական հարսանիքն ամբողջ գյուղի հարսանիքն է. վերջին աղքատը մասնակցում է այդ ընդհանուր ուրախությանը, կերակրվում է նրա սեղանից և խմում է նրա գինին։ Գյուղական հարսանիքը մի մեծ մխիթարություն է, մանավանդ ջահիլ աղջիկների և պատանիների համար, որոնք շատ զուրկ են մնում ուրախալի հանդեսներից։ Հարսանիքը, նայելով փեսայի հոր կարողությանը, տևում է մի քանի օրեր. առհասարակ երեք օրից պակաս չէ լինում։ Ցերեկներն անց են կացնում ուտելով և խմելով, իսկ գիշերները` նվագարաններ ածելով, պար գալով և երգելով։ Ձեռնաբռնուկ խաղը (յալլի) այն բարերար խաղերից մեկն է, որ առիթ է տալիս տղամարդերին շոշափել մի կնոջ ձեռք։ Բայց այստեղ ևս հայկական պարկեշտությունը դրել է իր խիստ սահմանները։ Պարի մեջ տղամարդն իրավունք չունի բռնել մի օտար կնոջ ձեռքը, նա անպատճառ պետք է ընտրե իր մոտ ազգականներից, կամ իր քրոջը, կամ մորաքրոջը և այլն։ Ամուսնավոր կնիկները բոլորը դիմակավորված են լինում, այսինքն` երեսները ծածկված է լինում թանձր և անթափանցելի քողով, ոչինչ չէ կարելի տեսնել։ Բայց ազապ աղջիկների երեսները բաց են լինում։ Կին և տղամարդ, աղջիկ և պատանի միմյանց ձեռքից բռնած, կազմում են մի երկար շղթա, որ զանազան ուղղությամբ պտտվում է ընդարձակ տան մեջ։ Սազանդարների ածելու եղանակով շարժվում են պարողները, լուռ ու մունջ կերպով, կարծես, կատարվում է մի բալետ իր խորհրդավոր պոնտոմիմայով։ Այն գյուղերում, ուր ժողովուրդը դեռևս գտնվում է նահապետական պարզության մեջ, տղամարդերի հարաբերությունը կնոջ հետ ավելի արձակ է, և հարսանիքների մեջ կամ զանազան տոնական հանդեսներում պարերը և խաղերն ավելի զվարճալի կերպարանք են ստանում։

Հարսանիքի ժամանակ հայկական ավանդությունները երևան են գալիս իրանց նախնական պարզ կերպարանքով. հետաքրքիր աչքը կարող է տեսնել նրանց մեջ ժողովրդական հանճարի շատ ստեղծագործությունները, որ այժմ կորչելու, անհետանալու վրա են։