Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/404

Այս էջը հաստատված է

Նրանք գետնափոր խրճիթներում չեն ապրում, բնակվում են կավաշեն կամ քարաշեն տներում, որոնք բավական բարձր են գետնի մակերևույթից։ Անասունների ախոռատունը միացած չէ տերերի բնակարանի հետ։ Ուտում են մսեղեն կերակուրներ և հագնում են գունավոր գործվածքներ, որ արդյունաբերվում է ոչ թե իրանց կնիկների աշխատասեր ձեռքով, այլ եվրոպական ֆաբրիկաների շոգիով։ Բնավորությամբ, որպես հիշեցի, նման են իրանց բնակած դաշտերի տափարակությանը — նույնպես ցած, նույնպես հարթած և նույնպես տափակ են, բայց կրթությամբ և խելքով` բարձր են, քան թե լեռնաբնակները։ Զենք չեն սիրում, վառոդից վախենում են, երկաթը գործ են ածում միայն բահի, մանգաղի և խոփի համար։ Երկաթով պատերազմում են հողի հետ։ Դաշտեցիքը չտվեցին մեզ ոչ մի ավազակ և ոչ էլ մի քաջ մարդ, միայն հասցրին բարեսիրտ երկրագործներ և խորամանկ վաճառականներ։ Գյուղատնտեսական մշակությունների մեջ աշխատության գլխավոր ծանրությունը բառնում է իր վրա երիտասարդությունը։ Ալևոր հորը, հասակն առած եղբորը շատ չեն բանեցնում, խնայում են որպես խնայում են երկրագործական ծերացած անասուններին։ Հասկանալի է, որ դաշտային տափարակ երկրների վրա, ուր հողն արգավանդ է, ուր ջուրն առատ է, ուր բավական տաք է լինում, ուր ձմեռը երկարատև չէ, գյուղատնտեսական պարապմունքներն ավելի բաղադրյալ ձև են ստանում։ Այս է պատճառը, որ մեր դաշտաբնակների ձեռքում երկրագործությունն իր բոլոր ճյուղերի մեջ բավական ծաղկած և զարգացած վիճակի է հասել։ Գյուղացին մշակում է ընդեղենների և հացահատիկների բոլոր տեսակները, մշակում է զանազան ագարակային բանջարեղեններ և սեխանոցի պտուղներ։ Ջրավետ տեղերում բրնձի մշակությունը կատարելագործության է հասցրած։ Բայց բամբակի և մետաքսի մշակությունը գյուղական հարստության ամենամեծ մասն է կազմում։ Այգեգործությունը նույնպես ծաղկած վիճակի է հասցրած, մրգեղենների ամեն տեսակները հիանալի են. խաղողը որքան ազնվացրած է, այնքան գինին շատ տեղերում դեռ կատարելագործված չէ։ Անասնապահությամբ չեն պարապում, որովհետև երկիրը մշակված լինելով, արոտատեղիներ չկան։ Պատահում են այնքան անասուններ, որքան պետք է իրանց վարուցանքի և տնտեսության համար։

Այժմ ինքնըստինքյան հասկանալի է, որ մեր դաշտաբնակ գյուղացիները թե կրթությունով, թե մտավոր զարգացումով և թե նյութական կարողությունով գերազանցում են լեռնաբնակներից,