Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/405

Այս էջը հաստատված է

բայց չունեն այս վերջինների ոչ բարքի մաքրությունը, ոչ հոգու ազնվությունը, ոչ մարմնի առողջությունը և ոչ սրտի քաջությունը։ Մի սաստիկ բաղձանք հարստանալու և խիստ շուտ հարստանալու թուլացնում է նրանց մեջ բարոյական կողմերը և ամեն ինչ զոհում է ագահության։ Նրանք բավական չեն իրանց վիճակով և միշտ բողոքում են, թե սակավ ունեն։ Բայց մի փոքր հարստացան թե չէ, թողնում են գյուղը և տեղափոխվում են դեպի քաղաքը։ Այնտեղ այլևս չես կարող ճանաչել մեր գյուղացուն։ Բայց պետք չէ մոռանալ, որ այս դեպքում մեծ պատճառ է տալիս հողերի անձկությունը։ Մեր գյուղերում հողը բնակիչների թվի համեմատ այնքան սահմանափակ է, որ չէ բավականացնում նրանց ընդարձակ գործունեությանը։ Շատերն այժմ սկսել են գնել կալվածատեր խաների, բեգերի և վրաց ազնվականների հողերը, որոնք խաղաթղթի և շռայլության մեջ սպառում են իրանց հարստությունը, և կալվածներն անցնում են մի ժամանակ նրանցից ճնշված հայ գյուղացու ձեռքը։ Ամեն տեղ նշմարվում է մի տեսակ ձգտում դեպի նյութական հարստություն, որ առհասարակ հայի դարևոր հատկանիշն է եղել։

Ես սկսեցի գյուղացի մարդու երեխայությունից, կվերջացնեմ մի քանի խոսքով նրա ծերության մասին։ Երբ հասնում է խորին ծերության, գյուղացի հայրը շատ չէ խառնվում ընտանեկան և տնտեսական գործերի մեջ, նա թողնում է, որ «ջահիլները» անեն, որպես խելքները կտրում է։ Երբեմն բարի խրատներ և խորհուրդներ է տալիս, բայց պահանջումներ չէ անում։ Այդ հասակում նա հաճախ խոսում է տերտերի հետ, մոտենում է եկեղեցուն և առավոտ ու երեկո ժամից հետ չէ մնում։ Տան մեջ նրա վրա նայում են որպես մի հյուրի վրա, որ եթե երկար մնալու լիներ, կարող էր ձանձրացնել։ Բայց նա դարձյալ չէ հրաժարվում իր հեղինակությունից, գոնե ազդելով բարոյական կողմից։ Գերդաստանի մեջ հարգանք է վայելում, և գյուղի մեջ համարվում է պատկառելի անձնավորություն։ Եթե ծերունին փոքր ի շատե կարողության տեր մարդ էր, նա ընդունվում է որպես հասարակության հայր։ Երբ նա նստած էր իր տան դռան մոտ «տեր ողորմյա» էր քաշում և սառած անդամները ջերմացնում էր արեգակի ճառագայթներով, գյուղացի կնիկները չեն համարձակվում այն կողմով անց կենալ, որ նրանց չտեսնե ծերունին։ Երբ նա նկատում է մանուկներին դրսումը որևիցե անկարգություն անելիս, ում զավակները որ լինեին նրանք, իրան իրավունք է համարում մոտենալ, հանդիմանել և երբեմն ականջներից