Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/411

Այս էջը հաստատված է

բթամտությունը մեր ծառայողների, որ իսկույն աչքի է զարկում, երբ նրանց հետ խոսում ես։ Մշտապես թեքված լինելով գրասեղանի վրա, նրա իրանը նույնպես ծալված դիրք է ստանում — այդ ներգործությունն անցնում է սրտի, հոգու և ամբողջ բնավորության վրա։ Նրա մեջ ուղիղ ոչինչ չէ մնում։ Սաստիկ դյուրաթեք է լինում նա. ամեն հողմից շարժվում է և ամեն ճնշման ներքո խոնարհվում է։ Այդ հատկությունները նպաստում են նրա առաջադիմությանը, և քիչ է պատահում, որ ծերության հասակում դառնում է ստոլնաչալնիկի օգնական, կամ մի ավելի բարձր պաշտոն է ձեռք գցում։

Դատաստանական բարենորոգումներից հետո` ռուսերեն խոսել և գրել-կարդալ իմացող երիտասարդների համար բացվեցավ մի նոր ասպարեզ ևս, ավելի ազատ և ավելի շահավետ։ Բոլորը վարակվեցան փաստաբանության ախտով և սկսեցին սերտել օրենքների ստատուտներ։ Շատերն առանց ամենափոքր տեղեկություն ունենալու իրավաբանությունից, ընդունում էին մեծ-մեծ գործեր։ Դրանք ավելի թարգմաններ էին իրանց հավատարմատարների կողմից, քան թե փաստաբաններ։ Ժողովուրդը չգիտեր դատարանի լեզուն, ստիպված էր խոսող վարձել։ Բայց այս տեսակ անկիրթ, անուս փաստաբանների հաջողությունը մի քանի տարի միայն տևեց, երբ սկսեցին նրանցից պահանջել մի որոշ չափով գիտություն և վկայական։ Մեծ մասը զրկվեցավ իր պարապմունքից և ասպարեզը մնաց բարձր ուսում ստացածներին։

Գավառական դպրոցներում ավարտող երիտասարդներից ոչ բոլորը մտնում են արքունական ծառայությունների մեջ։ Ստոր պաշտոնով, չնչին ռոճիկ ստանալով, դժվար է ամբողջ ընտանիք պահել։ Նրանք տեսնում են, որ վաղեմի ժամանակների շահերը չեն մնացել, և ինչպես ասում են` «խերը դուրս է եկել»։ Իսկ զինվորական ծառայության մեջ մտնողները բոլորովին աննշան թիվ են կազմում։ Շատերը սկսում են վաճառականություն անել, ձեռք են զարկում կապալների, կամ ազգային դպրոցներում վարժապետություն են անում։ Սակավ է և այսպիսիների թիվը, որ քահանա դառնային, կամ մտնեին մի վանքի մեջ վարդապետ լինելու համար։ Առհասարակ պետք է ասել, որ գավառական դպրոցների պտուղները խիստ փոքր առաջադիմություն են գործում կյանքի մեջ։ Այժմ օրըստօրե սահմանափակվում է այն բախտավորների ասպարեզը, որոնք շատ փոքր գիտությամբ, կամ ոչինչ գիտություն չունենալով, կարողանում էին առաջ գնալ։ Ես չեմ խոսում մի քանի