Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/424

Այս էջը հաստատված է

Եվ ի՞նչով կարող էր հարստացնել ուսանողն իր մտավոր պաշարը, երբ նա իր մասնագիտությանը վերաբերյալ ոչ մի ուրիշ գիրք չէ կարդում, այլևս չեմ խոսում այն զանցառության վրա, որ նա հետաքրքրվեր զանազան գիտություններով, որոնք իր մասնագիտության հետ կապ չունեին։

Ռուսաստանի հայ ուսանողը ոչինչով շէ զանազանվում հայ վաճառականից։ Երևակայեցեք ձեզ մի թիֆլիսեցի, որ գնացել էր Մոսկվա. նա առնում է այն ապրանքները միայն, ինչ որ պետք էր իր կրպակի համար, ինչ որ ինքը ծախում էր, ինչ որ իր վաճառականության մասնաբաժինն էր կազմում. բայց ուրիշ ինչ էր վաճառվում առևտրական հրապարակի վրա, որոնցից դարձյալ կարելի էր շահվել,— նրանցով չէ հետաքրքրվում։ Նույն կերպով վարվում է և հայ ուսանողը, նա բացի իր մասնագիտությունից ուրիշ գիտություններով չէ հետաքրքրվում։ Այս է պատճառը, որ մեր ուսանողներից չեն հայտնվում զորավոր տաղանդներ կամ փոքր իշատե գիտնականներ։ Հայ ուսանողի ամբողջ գործունեությունը պայմանավորվում է մի հաշիվի մեջ, սկզբից նախագծած մի վաճառականական հաշիվի մեջ, որ հասցնում է նպատակին։ Այս հաշիվից դուրս նա ուրիշ բան չէ ճանաչում։ Գիտությանը վերաբերվում է նա բոլորովին նրա պաշտոնական կողմից։ Նա հաշվել է, թե բժիշկ, փաստաբան, նոտար լինելու համար պետք է այսչափ գիտություն, որ կարողանա դիպլոմ ստանալ, և այն չափից չէ անց կենում։

Ուսանող մանկտին ամեն ազգի մեջ և ամեն ժամանակներում եղել է ազատության սիրահար, բռնության թշնամի, առաջադիմության առաջնորդ և լուսավորության առաքյալ։ Նա պաշտպան է հանդիսացել նեղյալին և պահանջել է արդարություն մարդկանց հարաբերությունների մեջ։ Նա ցանկացել է ընդհանուր մարդկային բարին, ցանկացել է, որ մարդն ապրեր հանգիստ, գոհ և հարստահարիչ ձեռքը չհափշտակեր նրա օրական հացը։ Բայց հայ ուսանողը չափազանց եսական է. նա երբեք չէ հափշտակվում ընդհանուր մարդասիրական բարձր գաղափարներով։ Նա մինչև անգամ չէ մտածում իր ազգի վրա, այլ մտածում է իր անձի մասին միայն։ Իդեալ կոչված բանը նրա համար չկա. նա սաստիկ նյութապաշտ է։

Եվ ո՞րտեղից կարող էր նա հրապուրվել բարձր գաղափարներով, երբ գրքեր չէ կարդացել, ծանոթ է մի քանի հեղինակների անունների հետ, առանց նրանց գործերի հետ ծանոթ լինելու, լրագրության չէ հետևում. և ամենևին չէ հետաքրքրվում, թե ինչ է կատարվում